Հայ-թուրքական արձանագրություններն անօրինակա՞ն են
«Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված արձանագրությունները կազմվել են երրորդ մասնակցի կողմից և պարտադրվել մեզ: Իսկ պարտադրանքի ուժով ստորագրված համաձայնագրերը իրավական ուժ ունենալ չեն կարող»,- վստահ է «Ուխտ Արարատի», ԱՍԱԼԱ-ի նախկին քաղբանտարկյալների և ազատամարտիկների կազմակերպության աշխատանքների համակարգող Տիգրան Փաշաբեզյանը:
Իսկ ճնշումներ, նրա խոսքերով, վաղուց են եղել տարբեր պաշտոնյաների կողմից` Մեթյու Բրայզա, Քոնդոլիզա Ռայս, Դենիել Ֆրիդ:
«Պետք է հրաժարվել այդ արձանագրություններից և իրավական միջոցներով վերականգնել սեփական իավունքները, պաշտպանել ազգային խնդիրները, հակառակ դեպքում` կգտնվեն երրորդ, չորրորդ ուժեր, ովքեր անպայման այդ հարցերով կզբաղվեն` ելնելով իրենց շահերից»,- վստահ է Փաշաբեզյանը:
Արձանագրությունների անմիջական ազդեցությունը Տիգրան Փաշաբեզյանն արդեն տեսնում է. «Իրանում , Աֆղանստանում, Պակիստանում իրադրությունը թեժացավ հենց արձանագրությունների ստորագրումից հետո: Վավերացումից հետո ավելի կսրվի, և դրանում կներգրավվեն Ջավախքը, Արցախը, Հայաստանը: Այդ դեպքում արդեն մենք ժամանակ չենք ունենա որևէ իրավական խնդիր արծարծելու»:
Նրա կարծիքով, սեփական իրավունքները պաշտպանելու համար նախ պետք է չվավերացնել արձանագրությունները. «Պարբերաբար մեծ տերությունների կողմից պարտադրվում է Հայաստանին «հանուն համաշխարհային գլոբալացման» զիջել իր իրավունքները: Այս անգամ մենք չպետք է անենք դա. չպետք է վավերացնենք արձանագրությունները` ընդունելով թուրքերի նախապայմանները»:
Առանց Ցեղասպանության հարցի լուծման արձանագրությունների ստորագրումով, Տիգրան Փաշաբեզյանի կարծիքով, մեծանում են տարածաշրջանային անվտանգության ռիսկերը, առաջանում են նոր ցեղասպանություններ և պատերազմներ սանձազերծելու հնարավորություններ. « Եթե ցեղասպանության հարցը չի բարձրացվում, և հանցագործը չի դատապարտվում, նշանակում է, որ տարածաշրջանում նոր ցեղասպանության վտանգ կա, իսկ դա ապացուցվեց 1988-ին Ադրբեջանում: Ո՞վ է երաշխիքներ տալիս, որ նույնը չի կրկնվի Ջավախքում կամ Հայաստանում: Անպատժելիության դեպքում կրկնվելու վտանգ է առաջանում: Եվ մինչև ցեղասպանության խնդիրը միջազգային հարթությունում իրավականորեն չլուծվի, անհնար է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Այս դեպքում` «բարի-դրացիական հարաբերությունները» հաստատվում են` շրջանցելով ցեղասպանության մասին կոնվենցիայի սկզբունքները»:
«Ոչ ոք մեր իրավունքները չի պաշտպանելու, մենք ինքներս դա պետք է անենք:
Դրա համար նախ անհրաժեշտ է վերականգնել Հայաստանում անկախությունն ու ինքնիշխանությունը, հաստատել իրական ժողովրդավարություն, ձևավորել համազգային, համահայկական ինքնապաշտպանություն», -խոսքը եզրափակում է Փաշաբազյանը:
ArmAr.am
Թեգեր` հայ-թուրքական արձանագրություններ, «Ուխտ Արարատի»












