Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Այվազովսկին հայկական ծագումով նկարիչ է

Հոկտեմբեր 29, 2009թ. 16:34

AivazovskiԱյն, որ մեր հարևան թուրքերն ու ադրբեջանցիներն ամեն կերպ յուրացնում են հարևան և ոչ հարևան երկրների մշակույթը, նորություն չէ: Նորություն չէ նաև այն, որ յուրացման ամենակուլ երախից չէր խուսափել նաև հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին:

Ի՞նչը պատճառ դարձավ, որպեսզի թուրքերն սկսեն ենթադրել, թե Այվազովսկին թուրքական ծագում ունի: Որտեղի՞ց սկսվեց թյուրիմացությունների շարանը:

Այս հարցերի պատասխանները գտնելու համար դիմեցինք արվեստաբան Շահեն Խաչատրյանին, ով արդեն երկար տարիներ ուսումնասիրում է Այվազովկու կյանքն ու ստեղծագործությունը:

«Այվազովսկին, լինելով ծագումով հայ, իր արվեստով խորապես կապված լինելով իր հայ արմատների հետ, աշխարհին ներկայացավ որպես ռուս ծովանկարիչ: Սակայն իր կյանքի վերջին տասնամյակներին նրան սկսեցին ներկայացնել նաև թուրքական ծագմամբ:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 1878 թվականին Լոռիս-Մելիքովի ղեկավարությամբ ռուսական զորքերի կողմից Կարսի գրավումից հետո, ռուս-թուրքական պայմանագիրը կնքվեց սուլթանի պալատի այն դահլիճում, որը զարդարված էր Այվազովսկու կտավներով: Վերջիններս նա նկարել էր սուլթանի խնդրանքով:

Դրանից հետո սուլթանը Կարատիգին անունով մեկին հանձնարարեց գրել Այվազովսկու կենսագրությունը:

Կարատիգինը գրեց այն, ինչ պատմում էր Այվազովսկին, իսկ նա պատմում էր, որ 1869 թվականին` Ազովի բերդի գրավման ժամանակ, մի հայ փրկել է իր ապուպապին` միաժամանակ նշելով, որ իր նախնիները եղել են թրքահպատակ (նրանք Անիի շրջանից փախչելով` եկել հաստատվել են Գալիցիայի մի հայկական գաղութում): Կարատիգինն էլ իր կողմից ավելացնում է` թրքահպատակ և Ղուրանի հետևորդ:

Բացառվում է, որ քրիստոնյա ընտանիքում մեծացած մի մարդ, ով Պետերբուրգում սովորելիս ամեն կիրակի գնում էր հայկական եկեղեցի և պատարագ լսում, նման բան ասեր:

Իսկ 1895-1896 թվականներին, ազդված Աբդուլ Համիդի կազմակերպած հայկական ջարդերից, Այվազովսկին նկարեց այդ ջարդերը պատկերող կտավներ, նամակներ ուղղեց Խրիմյան Հայրիկին` փորձելով պայքարել իր ժողովրդի փրկության համար:

Նրա մահվանից մեկ տարի հետո` 1901 թվականին, լույս տեսավ մի գիրք, որում Կուզմին անունով մեկը խմբագրել էր Այվազովսկու կենսագրության վերաբերյալ Կարատիգինի տեքստը, և սա էլ արդեն իր հայեցողությամբ 1696 թվականի Ազովի բերդի գրավման դրվագը փոխարինել էր 1770 թվականի Բենդեր բերդի գրավման իրադարձություններով: Այսպիսով, կեղծիքի շղթաները հաջորդում են մեկը մյուսին, և բազմաթիվ տվյալներ նրա հոր, եղբոր, ընտանիքի մասին դուրս են մնում պատմությունից:

Ահա թե ինչու հանկարծ 1871 թվականին հայկական եկեղեցում տեր Մկրտիչի կողմից գրանցված «Գևորգ Այվազյանի որդի Հովհաննեսին» սկսեցին ներկայացնել` որպես թուրքական ծագմամբ նկարիչ»:

Շահեն Խաչատրյանի կարծիքով, այդ ամենն արվեց այն ժամանակի քաղաքականության թելադրանքով, մինչդեռ հետագայում էլ կեղծիքների վրա հիմնված այդ գիրքը դարձավ սկզբնաղբյուր` Այվազովսկու կյանքն ուսումնասիրելու համար: Այդ պատճառով հետագայում երկար տարիներ չէր խոսվում մեծ նկարչի հայկական ծագման մասին:

Թեպետ այս ամենից հետո հարկ էլ չկա ապացուցելու Այվազովսկու հայ լինելը, այնուամենայնիվ, դա հավաստող փաստերը նույնիսկ այսօր են ավելանում: Նշենք, որ

միայն մեկ տարի առաջ Լոնդոնում հայտնաբերվել է նրա «Սևանա լիճ» նկարը… Այնպես որ, թուրքական ծագման մասին խոսող բոլոր տարբերակները բացառվում են: Մնում է խնդիրները պարզել ռուսների հետ:

«Մենք չենք ժխտում, որ Այվազովսկին ռուսական արվեստի խոշորագույն ներկայացուցիչ է, բայց ռուսները ևս չպետք է ժխտեն նրա հայկական ծագումը: Նա հավասարապաես և’ հայ նկարիչ է, և’ ռուս»,- խոսքը եզրափակում է արվեստաբանը:

Անի Աբովյան


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն