Թուրքիայի համար կարևոր է ոչ թե սահմանների իրական բացումը, այլ սահմանի բացման իմիտացիա ստեղծելը
«Ներկա փուլում և’ Հայաստանի, և’ Թուրքիայի համար ձեռնտու է արձանագրությունների վավերացումը»,- վստահ է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքագետի կարծիքով դա Հայաստանին ձեռնտու է, քանի որ այդ կերպ մեր երկիրը աշխարհի հետ կապվող` երրորդ ելքի հնարավորություն է ստանում. «Տարածաշրջանում Հայաստանը կենտրոնական դիրք է զբաղեցնում, ինչպես, օրինակ, Գերմանիան` Եվրոպայում: Սահմանները բացելու դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա դառնալու տարանցիկ երկիր: Դա հնարավորություն կտա, որպեսզի էներգետիկ նախագծերը չշրջանցեն Հայաստանը: Այսպիսով` աշխարհաքաղաքական առումով կմեծանա Հայաստանի դերը տարածաշրջանում»:
Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ, սահմանների բացումը թուրքական կողմին ձեռնտու է այլ առումով. Հայաստանն առանձնապես չի հետաքրքրում Թուրքիային: Նրանց խաղը ԱՄՆ-ի, Եվրամիության հետ է և պայամանավորված է իր նոր աշխարհաքաղաքական դիրքով:«Այսօր նրանց համար կարևոր է ոչ թե սահմանների իրական բացումը, այլ այդ հարցում իմիտացիայի ստեղծելը: Հնարավոր է, որ, օրինակ, իբր տեխնիկական պատճառներով Թուրքիան փորձի ձգձգել սահմանի բացումը` և դրանով որոշակի ճնշում գործադրի Հայաստանի վրա»:
Հայ-թուրքական հարաբերություններով խիստ հետաքրքրություններ ունի նաև ռուսական կողմը` երկաթգծերի շահագործման հետ կապված: Ամեն դեպքում թուրքագետը վստահ է. «Մեծ հաշվով մեզ համար ավելի կարևոր է աշխարհին կապող երեք ելք ունենալ, քան երկու: Դրա համար արժե անցնել այս բարդ և վտանգավոր գործընթացի միջով»:
ArmAr.am












