ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ ԾՐԱԳՐՈՒՄ Է ՆԵՐԴՆԵԼ 4G ԼԱՅՆԱՇԵՐՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է չորրորդ սերնդի լայնաշերտ ծառայությունների ներդրման ծրագրերի մասին: Հաշվի առնելով այն կանխատեսումները, որ լայնաշերտ շարժական ինտերնետը կպահպանի զարգացման միտումները նաև հաջորդ տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծրագրում է ներդնել Երկարաժամկետ էվոլյուցիայի` (LTE) տեխնոլոգիաների վրա հիմնված չորրորդ սերնդի լայնաշերտ ծառայություններ: Դրանք հասանելի կլինեն 2010 թվականին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի լայնաշերտ ծառայություններից օգտվողների թիվը շարունակում է աճել` ամեն ամիս արձանագրելով «ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանից օգտվողների 40 տոկոս աճ: Լայնաշերտ ծառայություններից օգտվող բաժանորդները մի մասն են ՎիվաՍել-ՄՏՍ-ի տվյալների փոխանցման տարատեսակ ծառայություններից օգտվողների: Այսօրվա դրությամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի GPRS, EDGE և UMTS/HSPA տեխնոլոգիաների հիման վրա տվյալների փոխանցման ծառայություններից օգտվում է 600 հազար մարդ. ՎիվաՍել-ՄՏՍ-ի ավելի քան 2 միլիոն բաժանորդների մոտ 30 տոկոսը: Այս տարվա հունվարից սկսած, բաժանորդների այս խումբն աճել է 17 տոկոսով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների շուրջ 20 տոկոսն օգտվում է UMTS/HSPA տեխնոլոգիայի հիման վրա իրականացվող 3G ծառայություններից:
Ակնկալվում է, որ Հայաստանի ևս 47 քաղաքներում և խիտ բնակեցված գյուղական համայնքներում 3G ցանցի ներդրումից հետո ծառայություններից օգտվողների թիվը շարունակելու է աճել` ավելի վաղ արդեն իսկ այն օգտագործող Երևանի, Վանաձորի և Գյումրիի հետ, կազմելով Հայաստանի բնակեցված տարածքի 64,4 տոկոսը: 2.5G և 3G ծառայությունները հասանելի են նաև Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, այդ թվում` կառամատույցներում, շարժասանդուղքներին և շարժման մեջ գտնվող գնացքի վագոններում:
Հավատարիմ մնալով Վոդաֆոն և ՄՏՍ ընկերությունների միջև ձեռք բերված ռազմավարական համագործակցության պայմանավորվածությանը, Վոդաֆոնի մասնագետներն իրականացնում են ՄՏՍ-ի բոլոր դուստր ձեռնարկությունների ընթացիկ աշխատանքի արդյունավետության մոնիթորինգ: Վոդաֆոնի փորձագետների կողմից անցկացված վերջին հետազոտությունների համաձայն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության արդյունավետությունը համապատասխանում է Արևմտյան Եվրոպայում ընդունված չափանիշներին: Ինչպես հոկտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՄՏՍ-ի փոխնախագահ Օլեգ Ռասպոպովը, ՄՏՍ խմբի բոլոր ընկերություններից առավել բարձր ցուցանիշներն է գրանցում ՎիվաՍել-ՄՏՍ-ը, այդ թվում` արդյունավետ կառավարման և ղեկավարման ասպարեզում:
ArmAr.am












