Գլխավոր » Լրահոս

«Բարբարոս թուրքը պատասխան է տալու իր արածի համար»

Հոկտեմբեր 30, 2009թ. 18:10

«Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հեռագիրը Հալեպի կուսակալությանը` 29 սեպտեմբերի, 1915թ.. «Նախապես հաղորդվել էր, որ Կառավարությունը Ջեմիեթի հրամանով որոշել է բնաջնջել Թուրքիայում ապրող բոլոր հայերին: Նրանք, ովքեր կհակադրվեն այդ հրամանին և այդ որոշմանը, չեն կարող կառավարման մաս կազմել` չբացառելով կանանց, երեխաներին և տկարներին, որքան էլ աղետալի լինեն ոչնչացման միջոցները: Առանց ունկնդրելու խղճի ձայնին` պետք է վերջ տալ նրանց գոյությանը»:

«Մուսա լեռան քառասուն օրը» ներկայացման ժամանակ բեմում փակցված   հսկայածավալ կտավին այս խոսքերն էին` գրված չորս լեզուներով:

ՀՀ մշակույթի նախարարության պատվերով բեմադրված ներկայացումն իր բեմելին էր սպասում շուրջ մեկ տարի:

Մուսալեռան հերոսամարտը մեր պատմության այն փառավոր էջերից մեկն է, որը հերթական անգամ փաստում է` հայը հաղթող է, եթե միասնական է ու համախմբված…

«Այս ամենի հետևում  մարդկային ճակատագրեր են… նրանք մարդիկ էին, ովքեր կարող էին այս աշխարհը հնարավորինս լավը դարձնել: Սակայն Օսմանյան Թուրքիան ուներ հստակ նպատակ` վերացնել հայ գենը, պատահական չէ, որ բառն այդպես էլ կոչվում է` գենոցիդ»,- ասաց «Մուսա լեռան 40 օրը»  ներկայացման ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը:

Պրեմիերայի օրվանից ներկայացումն ընթանում է լեփ-լեցուն դահլիճում: Ներկայացման ավարտից հետո էլ հանդիսատեսը շարունակում է խորհել տեսածի ու լսածի մասին, քանի որ հերոսներից յուրաքանչյուրը  հանդիսատեսին է փոխանցում  իրավիճակի դիպուկ նկարագիրը: Հանճարեղ գրողը` Ֆրանց Վերֆելն իր ստեղծած  կերպարներով հիանալիորեն կերտել է  մի ողջ ժողովրդի հերոսական կերպարը

Տպավորիչ կերպարներից է  Գաբրիել Բագրատյանի (դերակատար` Հարություն Մովսիսյան) կերպարը: Հանդիսատեսը չի կաչող մոռանալ նրա խոսքերը.«Թող աշխարհն իմանա, որ մուսալեռցիները դաշինք են կնքել Աստծո հետ, իսկ Աստված ասաց` բարձրացեք լեռը, և ես այնտեղ կլինեմ, և  մուսալեռցիները լսեցին Աստծո ձայնը…

«Հայ հանդիսատեսի կողմից ես երբևէ նման շռնդալից ընդունելություն չէի տեսել: Հանդիսատեսը ոչ թե հուզվում. ընկճվում է  տեսնելով այն տեսարանները, երբ թուրքը հային սպանում է և կամ  տանջամահ անում,  այլ մեր հանդիսատեսի արձագանքնից մենք նկատում ենք, թե ինչպես է  առավել ամրանում, հզորանում  հայի ազգային ոգին և ուժը:

Մուսալեռցին էլ բարձրացավ լեռը` հանուն գաղափարի, հանուն հավատի, հանուն փրկության:

Հայերս պարտք ունենք Ֆրանց Վերֆելի հանդեպ: Նրա գործը նույնքան հավիտենական է, նույնքան հզոր, որքան ռուս գրող Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն»-ը:  Գլխավոր հերոսի` Բագրատյան ազգանվան ընտրությունը պատահական չէ, դրանով` Վերֆելը ցույց է տվել, որ գործ ունենք մի ազգի հետ, որը դարերի պատմություն ունի,- ասաց Արմեն Էլբակյանը:

Բեմականացման հեղինակը ստեղծել է մի մտացածին կերպար, այն` անապատ քշված, սպանված մարդկանց խղճի ձայնն է, որ  մամնավորում է   ՀՀ վաստակավոր արտիստ Ազատ Գասպարյանը: Նա ուրվականի պես անցնում է ներկայացման գրեթե բոլոր դրվագներով` ամբողջացնելով հայի տառապանքը, աքսորը, մահն ու հարությունը.

«Կույս աղջիկներն իրար ձեռքձեռք բռնեցին ու միասին Եփրատ գետը նետվեցին: Եփրատի ջրերը բարձրացել են: Չէ, չէ, անձրևներից չէ, դիակներով են լցվել: Ջուրը կարմիր է, արյունը հաղթել է ջրին»: Սա հայ աղջկա բարոյական կերպարի  ամփոփ նկարագիրն է. նրանք մահը գերադասեցին անարգված կյանքից: Ներկայացման մեջ այս պատկերն ամբողջանում է  Գարի Քեսոյանի երաժշտությամբ: Կոմպոզիտորը մեզ հետ զրույցում  ասաց.«Երաժշտության մեջ հարության գաղափարն է դրված»:

Արմեն Էլբակյանն էլ հավելեց. «Պատահական չէ, որ մահանում է հերոսի որդին: Այդ մահն ահազանգ է, որ վտանգի տակ է հայի գենը: Մենք չպետք է մոռանանք անցյալում կատարվածը, մենք պետք է ունենանք պատմական հիշողություն»: Իզուր չէր Հիտլերն ասում` ո՞վ է հիմա հիշում հայկական ջարդերը: Մենք պետք է պահպանենք մեր պատմական հիշողությունը և պարտադրենք այլ ազգերի ևս չտառապել հիշողության կորստով…

«Որքան էլ հայերս փորձենք որպես քրիստոնյա ժողովուրդ ներել թուրքերին, միևնույն է, այդ բարբարոսները պատասխան են տալու իրենց արածի համար,վաղ թե ուշ ապաշխարելու են»,- հավատացած է Արմեն Էլբակյանը:

Ներկայացման հետաքրքիր կերպարներից է նաև հայ ժողովրդի մեծ բարեկամ Հովհաննես Լեփսիուսի կերպարը, որ մարմնավորում է Ալբերտ Սաֆարյանը:

Վերջինս ներկայանում է երկու դրվագներում: Մեկում երկխոսում է է Էնվեր փաշայի հետ, որտեղ մեծ մարդասերն Էնվերից պահանջում և խնդրում է դադարեցնել կոտորածները, մինչդեռ Էնվերը պատասխանում է. «Մարդը և ժանտախտի բացիլը բարեկամ լինել չեն կարող»: Դոկտոր Լեփսիուսը պատասխանում է նույն կերպ. «Ճիշտ եք, մարդը և ժանտախտի բացիլը բարեկամ լինել չեն կարող»: Երկրորդ անգամ  Դոկտոր Լեփսիուսը հանդես է գալիս մենախոսությամբ և, աչքերը դեպի երկինք հառած, ասում. «Գուցե խաչված Քրիստոսը հայի աչքեր ուներ, դրա համար եմ այսքան սիրում այս ժողովրդին»:

«Ներկայացման մեջ արծարծված են հարցեր, որոնց շուրջ մենք, որպես անկախ պետություն կերտողներ, խորհելու առիթ ունենք: Թատրոնի առաքելություններից մեկը հարցեր բարձրացնելն է, և եթե անգամ պատասխաններ չտա, ապա յուրաքանչյուր մարդ պետք է փորձի ինքնուրույն գտնել այդ պատասխանները: Ներկայացման մեջ հնչում է մի խոսք` թուրքերը թակարդն ընկածին ձեռքից բաց չեն թողնում: Սա պատահական խոսք չէ, և այս մասին պետք է անընդահատ մտածել: Եթե անգամ բացվեն ճանապարհները և փորձենք պատմական գենը ջնջել մեր հիշողությունից, մենք պարտավոր ենք գիտակցել, թե ովքեր են մեր հարևանները»,- նկատեց Արմեն Էլբակյանը:

Էնվեր փաշային մարմնավորած Գարեգին Չեփչյանը ներկայացման ավարտին ներկայանալով հանդիսատեսին մի ներքին մղումով ծնկի եկավ` ասես ներողություն էր  հայցում կերտած բարբարոսի կերպարի համար: Իսկ սեփական ժողովրդի համար իր և զավակի կյանքը չխնայած Գաբրիել Բագրատյանն ուղերձով դիմեց ոչ միայն «մուսալեռցիներին», այլև համայն հայությանը. «Եթե ուզում ես մարդ լինել` ձուլվիր քո սեփական ժողովրդի ճակատագրին, որ կործանման եզրին է»:

Արմենուհի Կարեյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն