Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Հրանտ Ավանեսյան. «Մեր ոգու ուժն այնքան բարձր պետք է պահենք, որ թուրքի մեջ մեծ և ուժեղ Հայաստանի պատկերը գերիշխի»

Հոկտեմբեր 30, 2009թ. 19:00

hrantՎերջին շրջանում մեր ժողովուրդը հանգամանքների բերումով չափից ավելի  է քաղաքականացվել։ Ամեն քայլափոխի մարդիկ քննարկում են հայ-թուրքական արձանագրությունները, մտածում, վիճում, քննարկում դրանց հետևանքները։ Ու շատ դեպքում այդպես էլ չեն գտնում իրենց համար շատ կարևոր մի հարցի պատասխան. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից կշահի՞ մեր երկիրը, թե՞ հակառակը` կհայտնվենք լուրջ խնդիրների առջև:

Խնդիրը դիտարկվում է գրեթե բոլոր հարթություններում` քաղաքական,  տնտեսական, սոցիալական, մշակութային, բայց ցավալին այն է, որ  երկրի համար բախտորոշ որոշումներ կայացնելիս ժողովրդին գրեթե չեն էլ հիշում,  ոչ ոք չի հարցնում` իսկ ժողովուրդը համաձա՞յն է այս գործընթացին: Միմյանց նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող երկու ժողովուրդները պատրա՞ստ էին արդյոք իրավիճակի նման փոփոխության, հարաբերությունների «բարիդրացիականության»:

Մեզ հետ  զրույցում  հոգեբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը նկատեց. «Երբ դիտարկում ենք, թե ինչպես են երկու ժողովուրդներն ընկալում միմյանց, տեսնում ենք, որ ստեղծվել է ոչ  համարժեք մի իրավիճակ։ Պատճառը  երկու կողմերի մեջ նստած «նախապայմաններն» են, որոնցով ստեղծում ենք որոշակի երևակայական պատկերներ, թե ի՞նչ է մեզ սպասվում այդ արձանագրությունները վավերացնելու դեպքում։ Եվ, չգիտես ինչու, անպայման միայն բացասական ելքի մասին ենք մտածում։   Միանշանակորեն կարող եմ ասել, որ և՛ իրենց մոտ, և՛ մեզ մոտ  այդ նախապայմանների հիմքում ընկած է թշնամանքը` թշնամու կերպարը»։

Ավանեսյանի փոխանցմամբ,  հայի կերպարը թուրքերի մոտ միանշանակ չի ընկալվում, նրանք մեզ չեն ընդունում որպես զոհ կամ որպես թույլ հակառակորդ, նույնիսկ` հակառակը:  Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ թուրք հասարակության մեջ  կա մի զանգված, որի  պատկերացմամբ Հայաստանը շատ մեծ երկիր է։ Նույնիկ՝ Թուրքիայից մեծ: Իսկ նման պատկերացումների ձևավորման հիմքում  հայկական Սփյուռքի` կարևորագույն գործոնի առկայությունն է, որի շնորհիվ հայկական ձայնը հնչում է աշխարհով մեկ:

Իրականում թուրք ամբոխն ունի ագրեսորի, գրավողի, թալանչու հոգեբանություն, ինչը, ըստ հոգեբանի, չունեն անհատական մակարդակով։

Սակայն… ամբոխի մակարդակով արդեն նրանք վտանգավոր ազգ են: Այսօր այդ ազգը  ձգտում է   տարածաշրջանում  կարևոր դերակատարություն ստանձնել: Առանց այն էլ ագրեսիվ բնույթ ունեցողի կողմից նման ձգտումը նրանց կարող է առավել վտանգավոր դարձնել, ինչից կարող է տուժել ողջ տարածաշրջանը:

Բայց այստեղ կարևոր է նաև մեկ այլ հանգամանք. «Եթե մենք թուրքին ընդունում ենք որպես ագրեսիվ, վտանգավոր, ուրեմն ակամա նրան զինում ենք այն գիտակցությամբ, թե ինքը մեզանից ուժեղ է, մեզանից հզոր է… Մենք իրավունք չունենք հակառակորդին թույլ տալ այդ կերպ մտածել։  Հակառակը` մեր ոգու ուժն այնքան բարձր պետք է պահենք, որ թուրքի մեջ գերիշխի մեծ և ուժեղ Հայաստանի գաղափարը»,- ասում է հոգեբանը։

«Երբ հայ-թուրքական արձանագրությունները նոր էին ստորագրվել, ինձ հարց տվեցին. մենք պատրա՞ստ էինք դրանք ընդունել: Ես պատասխանեցի` մենք պատրաստ չէինք։ Քաղաքական ուժերը մեզ չնախապատրաստեցին դրան, բայց կարելի էր և պետք էր նախապատրաստել։ Այդ պարագայում չէր լինի այն խուճապային  վիճակը, որն առկա է այսօր»,- պարզաբանում է Հ. Ավանեսյանը։  Խուճապ ասվածը ենթադրում է  երևույթների ուռճացում, իրավիճակի ավելի բարդացում, քան այն իրականում կա։ Այս առումով, հոգեբանի դիտարկմամբ, այսօր իրավիճակը մեզ մոտ առավել ուռճացված է. «Եթե այդ խուճապի մեջ շարունակենք ասել, որ թուրքը կգա և մեզ կգրավի, որ նա ընդունակ է ինչ- որ բաների, իսկ մենք ընդունակ չենք ոչնչի, սա շատ վտանգավոր է»: Ուրեմն ի՞նչ է պետք անել: Պետք է ազատվել կարծրատիպերից, որպեսզի լինենք առավել գործուն ու ինքնավստահ. Ահա հոգեբանի առաջարկը:

Իսկ անցյալի ցավոտ հիշողությո՞ւնը. «Թշնամու կերպարը աչքի առաջ պահելով՝ մենք ոչինչ չենք կարող անել։ Մեր ցավը, ցեղասպանության գաղափարը, որը մեր մեջ է, չպետք է խանգարի ապրել։ Հիմա մի մեծ քայլ արվեց այդ ճանապարհին, որը տագնապ առաջացրեց մարդկանց մոտ։ Ճիշտ կլիներ, որ փոքր քայլերով գնայինք դրան։ Այնուհանդերձ, հոգեբանը կարծում է, որ վատի մասին նույնպես պետք է մտածել, սպասել դրան և ի վիճակի լինել հակադարձելու:  Բայց, իհարկե, միայն վատի ակնկալիքով քայլ անելու պարագայում ավելի վատ կստացվի։

Գոհար Փիլթոյան


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն