Թուրքիան կիպրոսյան խնդրի լուծման ուղիներ է փնտրում
Պաշտոնական այցով Անկարայում գտնվող Հյուսիսային Կիպրոսի նախագահ Մեհմեդ Ալի Թալաթը հանդիպել է վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին և նախագահ Աբդուլա Գյուլին:
Գյուլը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան պաշտպանում է Կիպրոսի թուրքերի դիրքորոշումները և, հատկապես, կողմնակից է կիպրոսյան խնդրի խաղաղ կարգավորմանը: Ավելին, Գյուլը խոստացել է միջազգային կառույցներից պահանջել, որպեսզի վերջիններս ստիպեն Կիպրոսի հունական հանրապետությանը չխախտել բանակցություններում նախատեսված ժամկետները:
Գյուլը և Թալաթը նաև այն կարծիքն են հայտնել, որ մինչև 2009 թ. վերջը խնդիրը չի լուծվի: Թուրքիայի նախագահն ասել է, թե բանակցային գործընթացում պետք է հաշվի առնվեն ՄԱԿ-ի չափանիշները, համաձայն որի Կիպրոսի թուրքերը չպետք է կղզում դիտվեն որպես ազգային փոքրամասնություն: Թալաթն էլ հույս է հայտնել, որ կիպրական խնդիրն իր լուծումը կստանա մինչև Հյուսիսային Կիպրոսի նախագահական ընտրությունները:
Հիշեցնենք, որ կիպրական հարցի շուրջ ընթացող բանակցային գործընթացը ժամանակավորապես սառեցվել է, և Կիպրոսի հունական հանրապետությունը չի շտապում նստել բանակցային սեղանի շուրջ:
ArmAr.am












