ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպան. «Հայ առեւտրականները հնդկական շուկաները հայտնաբերել են շատ ավելի վաղ, քան եվրոպացիները»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Աչալ Կումար Մալհոթրային
Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Նախագահ Սարգսյանն ասել է. «Ճշմարտություն է, որ մեր երկրների միջեւ հարաբերությունները շատ լավ են զարգանում եւ բարեկամական են, ճշմարտություն է նաեւ այն, որ մենք ցանկանում ենք դրանք հնարավորինս խորացնել: Մեր ժողովուրդները միմյանց գիտեն վաղուց` գրեթե հինգ հարյուր տարի. հարաբերությունների ներկա մակարդակը խոսում է այն մասին, որ այդ ընթացքում չենք ունեցել լուրջ խնդիրներ, եւ տարիների փորձը մեզ համար օգտակար է նաեւ այսօր»: Սերժ Սարգսյանի խոսքով` «հնդկահայ համայնքն ամենանշանակալի եւ ծանրակշիռ համայնքներից մեկն է, եւ պատահական չէ, որ Հնդկաստանում է առաջին անգամ հրատարակվել հայատառ թերթ»:
«Պատմական խորը արմատները եւ երկու երկրների միջեւ խնդիրների բացակայությունը լավ հիմք են, որպեսզի մենք լավատես լինենք մեր հարաբերությունների ապագայի հանդեպ»,-ընդգծել է երկրի ղեկավարը:
Դեսպան Մալհոթրան իր հերթին նշել է, որ երկու երկրների միջեւ կա գերազանց փոխըմբռնում, եւ Հնդկաստանի կառավարությունը մտադիր է ավելի ամրապնդել կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում: Խոսելով երկու ժողովուրդների միջեւ դարեր շարունակ գոյություն ունեցող փոխհարաբերությունների մասին` դիվանագետն ասել է, որ հայ առեւտրականները հնդկական շուկաները հայտնաբերել են շատ ավելի վաղ, քան եվրոպացիները: Նա կարեւորել է հնդկահայերի մեծ դերը երկրի պատմության ողջ ընթացքում եւ շեշտել, որ նրանք այսօր էլ էական ներդրում ունեն Հնդկաստանի բազմակրոն, բազմամշակույթ ու բազմադեմ հասարակության մեջ:
Սերժ Սարգսյանը կարեւորել է քաղաքական հարաբերությունների ամրապնդումը տնտեսական կապերով: Դեսպան Մալհոթրան ասել է, որ իր երկիրը մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտում մեծ առաջընթաց է գրանցել եւ հուսալի գործընկեր է:
Կողմերը գոհունակությամբ փաստել են նաեւ միջազգային ատյաններում հայ-հնդկական բավականին արդյունավետ համագործակցությունը, եւ երկու երկրների համար կարեւորագույն հարցերի շուրջ միմյանց հավասարակշիռ վերաբերմունքը:
Հաջողություն մաղթելով նորանշանակ դեսպանին` նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նա կարեւոր ներդրում կունենա երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման գործում:
ՀՀ Նախագահի մամլո գրասենյակ












