Թուրքահայերը թերահավատորեն են վերաբերվում հայ-թուրքական հարաբերություններին
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ սկսված գործընթացը թուրքահայ համայնքի ուշադրության կենտրոնում է:
Թուրքական «Bianit» կազմակերպությունը թուրքահայերի տեսակետը պարզելու նպատակով նրանց շրջանում սկսել է հարցումներ կազմակերպել:
Հարցման առաջին մասնակիցները Ստամբուլի Կենտրոնական լիցեյի տարբեր տարիների սաններն են:
Ասենք, որ հայկական Կենտրոնական լիցեյը գործում է դեռ 1886 թվականից: Այն հանդիսանում է Ստամբուլի ամենահին դպրոցներից մեկը: Սկզբնական շրջանում այն եղել է ընդհանուր դպրոց, իսկ ավելի ուշ վերածվել է արական լիցեյի: 1984 թվականից այն կրկին վերածվել է արական և իգական համատեղ դպրոցի: Հայկական դպրոցում հայերեն լեզվի հետ համատեղ ուսանել են նաև ֆրանսերեն, թուրքերեն ու անգլերեն: Կենտրոնական լիցեյում սովորել են Հայկո Ջեփքին, Արա Գյուլերը, Հակոպ Թերզանը, Արահ Վեսերյանը, Մկրտիչ Մարկոսյանը և թուրքահայ շատ այլ գործիչներ:
Թերթերից մեկը, մասնավորապես, անդրադարձել է 1979 թվականին Կենտրոնական լիցեյն ավարտած Գևորգ Բյուքսիմքեշյանի պատասխաններին:
Վերջինս նախ խոսել է թուրքահայերի խնդիրների մասին: Ըստ նրա, թուրքահայերի գերխնդիրն այն է, որ Թուրքիայում բացակայում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ պատշաճ վերաբերմունքը, որ նրանք իրականում անտեսված են: Օրինակ, հայերին խուսափում են պետական բարձր պաշտոններում աշխատանքի նշանակել:
Խոսելով հայ-թուրքական սահմանի վերաբացման մասին` Կենտրոնական լիցեյի նախկին սանը նախ նկատել է, թե չնայած այն բանին, որ սահմանը ներկայումս փակ է, երկու երկրների միջև առևտուր է իրականացվում: Նա շեշտել է. «Այսօր էլ Հայաստանում ամենուրեք թուրքական ապրանքների ես հանդիպում, քանի որ ամեն ինչ Վրաստանով է տարվում»:
Իսկ հարցին, թե, այնուհանդերձ, ի՞նչ կտա սահմանի բացումը, Գևորգը պատասխանել է` որևէ էական փոփոխություն չի սպասվում, գուցե դա նպաստի երկու երկրների միջև լարվածության մեղմացմանը:
Նույն լիցեյն ավարտած մի շարք այլ հարցվածներ «Ի՞նչ կտա սահմանի բացումը» հարցին հիմնականում անորոշ պատասխաններ են տվել:
Հարցումները ցույց են տվել, որ թուրքահայերը թերահավատորեն են վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացին:
ArmAr.am












