Պիտեր Սեմնեբի. «Հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հիմնահարցը շաղկապելով` կընկնենք վատ իրավիճակի մեջ»
Հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հիմնահարցը տարբեր հակամարտություններ են, և դրանք պետք չէ շաղկապել և մեկ հարթության վրա դնել: Այդ մասին «Վրեմյա Նովոստեյ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:
Նրա խոսքով, այդ երկու հարցերը շաղկապելով` կարելի է շատ հեշտորեն ընկնել մի այնպիսի իրավիճակի մեջ, երբ կրկին կփակվեն հարաբերությունները նորմալացնելու հնարավորությունները:
«Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ նշված երկու հակամարտություններից մեկի զարգացումը կանդրադառնա ընդհանուր մթնոլորտի վրա: Եվ պետք է այնպես անել, որ դրանք ազդեն մեկը մյուսի վրա` որքան հնարավոր է դրական իմաստով», -հավելել է Սեմնեբին:
Նա նաև նկատել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև առկա իրավիճակը չի կարող երկար շարունակվել, և բոլորը պետք է հարմարվեն սահմանների բացման ու հարաբերությունների նորմալացման հեռանկարին:
«Պատերազմը Վրաստանում ցույց տվեց, որ կան մեծ ռիսկեր` կապված տարածաշրջանում տարածքային հակամարտությունների հետ: Դա որոշակի դինամիկա հաղորդեց հայ-թուրքական հարաբերություններին», -հավելել է Սեմնեբին:
Վերջինիս խոսքով, մերձեցման քայլն առաջինը միայն Հայաստանը չի արել:
«Արդեն հայտնի է, թե որն է Հայաստանի շահը: Պետք է նկատել, որ այդ հարցը Հայաստանում ևս վիճահարույց է: Բայց քայլն արված է: Թուրքիայում խորապես քննարկում են հարցը: Այնտեղ արդեն զգացվում է, որ Թուրքիան կարող է էական քայլ կատարել տարածաշրջանում, եթե միայն այդ հարցը լուծվի: Հայաստանի հետ հակամարտությունը շատ դեպքերում սահմանափակել է Թուրքիայի հնարավորությունները Հարավային Կովկասում», -հավելել է Պիտեր Սեմնեբին:
ArmAr.am












