Գլխավոր » Լրահոս

ԱԺ-ում շարունակվում են բյուջետային քննարկումները

Նոյեմբեր 2, 2009թ. 15:35

ԱԺ պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 2-ին շարունակվեցին 2010 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Քննարկվեց «ՀՀ 2010 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը` իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների պահպանման ծախսերի համար նախատեսվող ֆինանսավորման կտրվածքով:

ՀՀ  ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ 2010թ. կառավարման մարմինների պահպանման ծախսերը նախորդ տարիների հետ  համեմատությամբ կրճատվել են շուրջ 7 տոկոսով: Փոխնախարարը դա բացատրեց համաշխարհային ճգնաժամով: Հենց դա է պատճառը, որ ՀՀ կառավարությունը դեռևս 2009-ի սկզբներից կանգնած է  եղել ֆինանսական ռեսուրսները ավելի ռացիոնալ ծախսելու խնդրի առջև:

Կառավարման ապարատի ծախսերի համար 2010թ. բյուջեով նախատեսվում է 50.226 դրամ  գումար, որը ՀՆԱ-ի նկատմամբ  կազմում է 1.56 հարյուրերորդական տոկոս: Իսկ ընդհանուր ծախսերի մեջ այն կազմում է 5.44 տոկոս: Դա նշանակում է, որ ակնհայտ է պետական կառավարման, գործադիր, օրենսդիր և դատական  մարմինների ծախսերի նվազեցումը ինչպես  ՀՆԱ-ի, այնպես էլ պետական բյուջեի նկատմամբ:

Ըստ 2010 թ. բյուջեի մասին օրենքի նախագծի, ծախսերի շուրջ 67%-ը կազմում են աշխատավարձերը: Պ. Սաֆարյանը նշեց, որ աշխատավարձերը պլանավորվել են` հաշվի առնելով  2008 թվականին ընդունված որոշումը, համաձայն որի պետական  կառավարման համակարգում կրճատումները պետք է լինեն 10% -ից ոչ ավելի: Ըստ այդմ, քաղծառայողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկվել է` հիմք ընդունելով 40.000 դրամ բազային դրույքաչափը, պահպանվել  է հարկային և մաքսային ծառայողների 55.500 դրամ բազային աշխատավարձը և հարկադիր կատարողների` 42.000 դրամ աշխատավարձը: Սա նշանակում է, որ աշխատավարձի էական փոփոխություն չի կատարվում:

Փոխնախարարը ուշադրություն հրավիրեց պետական կառավարման մարմինների միջին աշխատավարձի վրա: Եթե 2009-ին պետական բյուջեի նախագծում այն նախատեսված էր 147.000 դրամ, ապա 2010 –ին` 149.645, այսինքն` միջին աշխատավարձի 3 % աճ է գրանցվել, որը պայմանավորված է աշխատողների ստաժով:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մարտին Զաքարյանը տեղեկացրեց, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի համար նախատեսվել է 2 մլրդ 717 մլն 112 հազար դրամ: 2009 թ. հաստատված բյուջեի համեմատ ընթացիկ տարում նախագահի աշխատակազմի բյուջետային հատկացումները պակասել են շուրջ 25 տոկոսով: Ավարտելով խոսքը` պարոն Զաքարյանը հավաստիացրեց, որ Նախագահի աշխատակազմը շարունակելու է հետեւողական քայլերը` բյուջետային միջոցները խնայելու եւ ծախսերը կրճատելու ուղղությամբ:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ներկայացնելով ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի համար նախատեսվող ծախսերը, տեղեկացրեց, որ կոմունալ եւ կապի ծախսերի համար կառավարությունից լրացուցիչ գումար է պահանջվել, քանի որ նոր մասնաշենքի կառուցմամբ պայմանավորված ծախսերը կրկնապատկվել են: ԱԺ աշխատակազմի ղեկավարն արձանագրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` արտաքին քաղաքականության բնագավառում համապատասխան որակի քարոզչություն իրականացնելու հստակ հանձնարարականը` հավելելով, որ ԱԺ-ն փորձում է մասնակից լինել այդ քարոզչությանը պատվիրակությունների, պատվիրակություններին տրվող նյութերի ու գործուղումների միջոցով: Նշվեց, որ գործուղումների եւ ներկայացուցչական ծախսերի համար հատկացումների ավելացման խնդրանքը փոխանցվել է կառավարություն: Պարոն Ղարիբջանյանն անդրադարձավ նաեւ ԱԺ նոր մասնաշենքի կահավորման եւ հին մասնաշենքի հիմնանորոգման խնդիրներին:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ պետական բյուջեով հատկացումներ չկան կապիտալ ծախսերի եւ ավտոմեքենաների ձեռքբերման գծով: Տեղեկացվեց, որ 20 մլն դրամ մշտապես կառավարության պահուստային ֆոնդից էր հատկացվում մարդասիրական օգնության համար, այս տարի այդ ցուցանիշը արտացոլվել է բյուջետային հատկացումներում:

Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը հաղորդեց, որ ԱԱԽ-ի աշխատակազմի պահպանում հոդվածով նախատեսված է հատկացնել 293 մլն 39.5 հազար դրամ: Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր 2010 թ պետական բյուջեով նախատեսված չեն: Աշխատավարձերի համար տրամադրված գումարները նույնն են, ինչ եղել է 2009-ին, կապի ծառայությունների գծով ընթացիկ տարվա 18 մլն-ի փոխարեն գալիք տարում նախատեսվում է 10 մլն դրամ:

ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը տեղեկացրեց, որ բյուջեով գումարներ չեն հատկացվել Գորիսի եւ Արմավիրի քրեակատարողական հիմնարկների կառուցման ուղղությամբ, սակայն կա պայմանավորվածություն` դատաիրավական բարեփոխումների գծով Եվրամիության կողմից հատկացված գումարների մի մասը տրամադրել հիմնարկների կառուցմանը: Քրեակատարողական ծառայության 2010 թ. պահպանման ծախսերը նախատես¬վել են 5,229.7 մլն դրամի չափով, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Քրեակատարողական ծառայության 2010 թ. պահպանման ծախսերը 2009 թ. հաստատված բյուջեի նկատմամբ նվազել են 1,842.8 մլն դրամով, իսկ ընթացիկ տարվա սպասողական կատարողականի նկատմամբ` 197.3 մլն դրամով: Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարները գալիք տարում ծրագ¬րավորվել են 3,112.9 մլն դրամի չա¬փով, որը 2009 թ. պետական բյուջեի եւ 2009 թ. սպասողական կատարողականի նկատմամբ ավել է նախատեսվել 7.1 մլն դրամի չափով:

ՎՊ աշխատակազմի ղեկավար Հարություն Յավրյանն իրազեկեց, որ աշխատակազմի պահպանման ծախսերի համար հատկացվել է 687 մլն դրամ, որից 564 մլն դրամը կազմում է աշխատավարձի ֆոնդը, իսկ մնացյալ 120 մլն դրամը կնպատակաուղղվի աշխատանքային գործունեության կազմակերպմանը:

ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը, ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակազմի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը, ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը եւս ներկայացրին համապատասխան ոլորտների բյուջետային հատկացումները:

ԱԺ լրատվական ծառայություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն