Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հաղթահարում է Արևմուտքի ազդեցությունը
Արևմտյան քաղաքագիտական վերնախավը վերջին շրջանում ամենայն ուշադրությամբ հետևում է մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Գլխավոր հարցը, որի պատասխանը լուրջ անհանգստություն է պատճառում վերլուծաբաններին, վերաբերում է Թուրքիայի արտաքին քաղաքականության ուղղվածության հնարավոր փոփոխությանը:
Այսօր Թուրքիայում մեկնարկում են «Անատոլյան արծիվ» ռազմաօդային տարեկան զորավարժությունները, որոնց ավանդաբար մասնակցում են Թուրքիայի, Իսրայելի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զինվորները: Այս տարի այդ զորավարժություններն աչքի են ընկել նրանով, որ դեռևս օգոստոսի սկզբներին Թուրքիայի իշխանություններն արգելել են իսրայելցիներին մասնակցել զորավարժություններին: Եվ դեռ ավելին` Իսրայելի փոխարեն պաշտոնական Անկարան զորավարժություններին մասնակցելու հրավեր է ուղղել Սիրիայի զինված ուժերին: Թուրքիայի այս քայլը շատերի կողմից դիտարկվեց որպես արտաքին քաղաքականության կուրսի փոփոխության լուրջ ահազանգ: Ճիշտ է, թուրք դիվանագետները բազմիցս են քննադատել Իսրայելի և Արևմուտքի քաղաքականությունը, սակայն այդ քննադատություններն այդպես էլ մնացել էին հայտարարությունների մակարդակում: Իսկ Իսրայելի փոխարեն Սիրիայի հետ ռազմական համագործակցության սկզբնավորումն արդեն ավելի քան գործնական քայլ է, և այդ առումով Արևմտյան քաղաքական վերնախավի անհանգստությունը լիովին հասկանալի է:
Թուրքիան Արևմուտքի ռազմական համագործակիցն է 1946 թվականից ի վեր: Ճիշտ է, Ռուսաստանի և Պարսկաստանի հետ մշտական մրցակցությունը նախկինում ևս ստիպում էր Թուրքիայի ղեկավարներին ջերմ հարաբերություններ պահպանել Արևմուտքի հետ: Բայց 1946 թվականից հետո այդ հարաբերությունները հասան նոր աստիճանի` վերածվելով ռազմական դաշնակցության:
Վերջին տասնամյակների ընթացքում պաշտոնական Անկարան ներկայանում էր իբրև կամուրջ` Արևելքի և Արևմուտքի միջև` միաժամանակ ձգտելով ավելի զարգացնել ինտեգրացիոն գործընթացները Արևմտյան քաղաքական կառույցների հետ: Եվ նման համագործակցությունը լիովին համապատասխանում էր Թուրքիայի ազգային շահերին: Նախ, պաշտոնական Անկարայի նման քաղաքական կուրսն ապահովում էր Քեմալ Աթաթուրքի գաղափարների իրականացումը, և երկրորդ, որ թերևս ավելի կարևոր է, Մերձավոր Արևելքում Թուրքիան և Արևմուտքն ընդհանրապես տարաձայնություններ չունեին, ինչը թույլ էր տալիս Անկարային արևմտյան ռազմական և տնտեսական մեքենան ուղղել իր հակառակորդների դեմ:
Այս առումով դիտարկելի է Սիրիայի օրինակը, որին ընդամենը տասը տարի առաջ թուրքական դիվանագիտությունն ընկալում էր իբրև թշնամի: Խնդիրն այն է, որ պաշտոնական Դամասկոսն այն ժամանակ աջակցում էր Թուրքիայում գործող Քրդական բանվորական կուսակցությանը, որը պայքարում էր կենտրոնական իշխանությունների դեմ: Այն, որ Սիրիան աջակցում էր նաև հրեաների դեմ պայքարող ԽԱՄԱՍ խմբակցությանը, դրանով իսկ այդ երկիրը դարձել էր Թուրքիայի և Իսրայելի դաշնակիցը: Իսկ այսօր, նույն Սիրիայի պատճառով, այդ երկու պետությունները կանգնած են սառը պատերազմի նախաշեմին:
Իհարկե, Թուրքիայի արտաքին քաղաքականության ուղղվածության փոփոխման հիմքերը ժամանակի հետ հասունանում էին: Պաշտոնական Անկարան, որը մեծ հույսեր էր կապում Եվրամիության անդամակցության հետ, վերջապես հասկացավ, որ այդ կառույցի դռներն առաջիկա մի քանի տասնամյակներում իր առջև փակ են: Եվրամիությանն անդամակցելու փոխարեն Թուրքիայի իշխանությունները փորձեցին պարզապես խորացնել քաղաքական և տնտեսական համագործակցությունն այդ կառույցի հետ: Սակայն շուտով պարզվեց, որ Թուրքիայի այս նախաձեռնությունը ևս չի ողջունվում Եվրամիության երկրների առաջնորդների կողմից: Ստեղծված իրավիճակում պաշտոնական Անկարան որդեգրեց լիովին այլ քաղաքականություն, որի առաջին դրսևորումներն արդեն իսկ հուշում են, թե ինչպիսին է լինելու վաղվա Թուրքիան:
Սակայն գոյություն ունի Թուրքիայի արտաքին կուրսի փոփոխման էլ ավելի հիմնավոր պատճառ: Խոսքը վերաբերում է ԱՄՆ քաղաքականությանը` Մերձավոր Արևելքում: Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգների իրաքյան ռազմական կամպանիան ավարտվեց նրանով, որ Թուրքիայի դարավոր թշնամիները` քրդերը, փաստորեն, ստացան անկախ պետականություն: Ընդ որում, նրանք ձգտում են Թուրքիայի ձեռքից խլել տարածաշրջանում ԱՄՆ գլխավոր գործընկերոջ դերը:
Քրդական գործոնը բավական մեծ վտանգ է Թուրքիայի համար: Այն սպառնալիք է նաև Իրանի և Սիրիայի համար, վերջիններիս համար խիստ ցանկալի է, որ քրդերը խնդիրներ ստեղծեն Թուրքիայի ներսում, բայց երբեք չեն կարող հանդուրժել քրդական անկախ պետականության գոյությունը: Մերձավոր Արևելքը ձևափոխելու ԱՄՆ նոր քաղաքականությունը, առնվազն քրդական հարցում, միավորել է Թուրքիային, Իրանին և Սիրիային: Արդյունքում ստեղծվել է համագործակցության լավ դաշտ, և այսօր պաշտոնական Անկարան արդեն աջակցում է և’ Թեհրանին, և’ Դամասկոսին:
Իհարկե, այս ամենը դեռ չի նշանակում, որ Թուրքիան փոխել է արտաքին քաղաքականության ուղղվածությունը: Սակայն ակնհայտ է, որ Անկարան նաև չի պատրաստվում լինել տարածաշրջանում Արևմուտքի կամակատարը: Ուստի կարելի է սպասել, որ մոտ ապագայում թուրքական դիվանագիտությունը կգործի ինքնուրույն, ինչը, իհարկե, հղի է մի շարք վտանգներով` առաջին հերթին Հայաստանի համար:
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ












