Ողջ հայությունը պետք է պայքարի Վահագն Չախալյանի ազատության համար
2009թ. հոկտեմբերի 30-ին Վրաստանի վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Վահագն Չախալյանի, նրա հոր և կրտսեր եղբոր նկատմամբ առաջին ատյանի դատավճիռը, որով ջավախքահայ քաղաքական գործիչը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, իսկ նրա հայրն ու եղբայրը համապատասխանաբար`հինգ և երկու տարի պայմանական ազատազրկման` 5000 ($3000) և 2000 ($1200) լարի տուգանքի վճարմամբ:
Վերաքննիչ դատարանում գործի լսման վերջին երկու նիստերը անցկացվեցին առանց Վահագն Չախալյանի մասնակցության, որը բոյկոտեց դատավարությունը` ի նշան դատական անօրինականությունների դեմ տեղի ունեցող բողոքի:
Վճիռն անփոփոխ թողնելու մասին որոշումը հաշվի առնելով՝ «Երկիր» միությունը գնահատում է այն որպես արդարադատության ծաղրանմանակում, որով վրացական արդարադատությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ «այն լոկ վրացական իշխանությունների կցորդ կամակատար է` նրանց քաղաքական կամքը վավերացնելու նպատակով պատրաստ հլու-հնազանդ ոտնահարելու արդար դատավարության հիմնարար սկզբունքները»:
«Երկիր» միությունը կոչ է անում հայաստանյան և սփյուռքյան կազմակերպություններին` շարունակել և ուժեղացնել ճնշումը վրացական իշխանությունների վրա` Վահագն Չախալյանին ազատ արձակելու նպատակով:
ArmAr.am












