Ինչի՞ց է զայրացել Վաֆան
Ռուսաստանի Առևտրա-տնտեսական պալատի նախագահ Եվգենի Պրիմակովը հայտարարել է, թե հայ-թուրքական մերձեցումը ձեռնտու է ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Ադրբեջանի համար, քանի որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարող են բանավոր կերպով անդրադառնալ նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վրա:
Այս հայտարարությունը զայրացրել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեին, որն այս կերպ է արտահայտվել.
«Պրիմակովը հատնի է ոչ թե որպես Ադրբեջանի բարեկամ, այլ որպես թշնամի: Բաքու կատարած իր առաջին այցի ժամանակ «նա առաջարկել է ուղիղ հաղորդակցության գնալ ղարաբաղյան ռեժիմի հետ»:
«Անընդհատ լինելով Պրիմակովի կողքին` նրա օգնական Մարգարյանը նույնպես հունվարյան իրադարձությունների ժամանակ գտնվել է Բաքվում: Վարչապետ եղած ժամանակ Պրիմակովը Մարգարյանին նշանակել էր իր քարտուղարության ղեկավար: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ է հայամետ հայտարարություններով հանդես եկող Պրիմակովը կարծում, որ հայ-թուրքական սահմանի բացումը շահավետ է Ադրբեջանի համար և կարող է նպաստել ղարաբաղյան խնդրի լուծմանը: Իսկ ինչո՞ւ այսօր ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվում: Հայտնի է, որ Հայաստանը ղեկավարվում է Ռուսաստանի կողմից, իսկ այդ ղեկավարումը Կրեմլն իրականացնում է այնպիսի մարդկանց միջոցով, ինչպիսին Պրիմակովն է: Ինչո՞ւ պետք է 7 գրավյալ շրջաններն ազատելու համար Թուրքիան բացի իր սահմանը Հայաստանի հետ», -ասում է Գուլուզադեն ու շարունակում. «Բաց սահմաններ ցանկանում են տեսնել Պրիմակովի նման մարդիկ` թուրք ազգի թշնամիները»: Եզափակելով իր խոսքը` նա Թուրքիային և Ադրբեջանին կոչ է անում անհրաժեշտ եզրակացություններ անել Պրիմակովի հայտարարություններից:
ArmAr.am












