Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

«Հայ-թուրքական այս գործընթացն ի չիք կդառնա, և ամեն ինչ կսկսվի նորից»

Նոյեմբեր 3, 2009թ. 10:08

zolyan_nkarԹուրքիան հայտնվել է փակուղային իրավիճակում. այս հետևության են հանգել նաև միջազգային վերլուծաբանները:

Եվ իրոք, այդ երկրի  համար ստեղծվել է մի անելանելի   իրավիճակ. մի կողմից     Թուրքիան չի ցանկանում նահանջել` հայ-թուրքական սահմանն  առանց նախապայմանների բացելու գաղափարից: Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն անվերջ  հայտարարություններ են հնչեցնում, թե  մինչև չլուծվի ղարաբաղյան հիմնախնդիրը, իրենք չեն կատարի մի քայլ, որը կհակասի եղբայրական Ադրբեջանի շահերին, այն է` չեն բացի Հայաստան-Թուրքիա  սահմանը: Մյուս կողմից, սակայն, Թուրքիայի գլխին կախված է Արևմուտքից եկող պարտադրանքը. ԱՄՆ-ը, եթե ոչ հրապարակավ, ապա գոնե ենթատեքստերով Թուրքիային սպառնում է` սահմանը չբացելու դեպքում կճանաչի Հայոց Ցեղասպանության բանաձևը:

Խնդրի առթիվ քաղաքագետ Սուրեն Զոլյանը նկատեց. «Ինչ խոսք,  սահմանի բացումը բխում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերից, և այդ երկրների կողմից Թուրքիայի վրա, բնականաբար, որոշակի ճնշում է գործադրվելու, որպեսզի սահմանը հնարավորինս շուտ բացվի։ Իսկ Թուրքիան, բնականաբար, դիմադրելու է, և դա էլ հասկանալի է»։

Քաղաքագետի գնահատմամբ, վերջին շրջանում Թուրքիայի իշխող կուսակցության ներսում բավական լուրջ խնդիրներ են առաջացել։ Թուրքիայի քաղաքական վերնախավը  պնդում է, որ սահմանը չի բացվելու, քանի դեռ  չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ «Այս առումով լուրջ կասկածներ ունեմ, որ Թուրքիայի խորհրդարանն ի վիճակի կլինի վավերացնել արձանագրությունները։ Ինձ թվում է, որ մինչև նոր տարի այդ խնդիրը չի լուծվելու, բայց հետագայում` մոտավորապես փետրվար ամսին,  որոշում կկայացվի»,- ասում է Սուրեն Զոլյանը։

Քաղաքագետի կարծիքով, Արձանագրությունների վավերացման հարցում կա մեկ այլ` առավել հավանական ճանապարհ ևս, դա այն  է, որ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները, բայց այնպիսի վերապահումով, որը, պարզապես ի չիք կդարձնի այս ամբողջ գործընթացը, և ամեն ինչ կսկսվի նորից։

Ինչ վերաբերում է Հայոց Ցեղասպանության բանաձևի ճանաչումը Թուքիայի դեմ որպես շանտաժ օգտագործելուն, Ս. Զոլյանի կարծիքով, ԱՄՆ-ը չի կարող նման քայլի գնալ, քանի որ սահմանի բացումը չպետք է կապակցվի ցեղասպանության ճանաչման հետ.  «ԱՄՆ-ը պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանության  պատմական փաստը և արձանագրի պատմական արդարությունը»: Հետևապես, ԱՄՆ կողմից Հայոց  Ցեղասպանության փաստի ճանաչումն ընդամենը շանտաժի միջոց  ծառայեցնելն անբարոյական  է և ուղղված է ոչ թե մեկ ժողովրդի, այլ ողջ մարդկության դեմ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն