Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական

Կարգավորման խնդիրը երրորդ երկրների դիտակետից

Նոյեմբեր 3, 2009թ. 13:20

ManasyanԱլեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆ

ArmAr.am  էլեկտրոնային օրաթերթը  շարունակում է  ներկայացնել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հոդվածաշարը:

Նախորդ  վերլուծություններում հեղինակը խոսել է այն մասին, թե ինչպես է  հայ-թուրքական հարաբերությունների բարենորոգումը դիտարկվում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Եվրոպայից և Ռուսաստանից: Այս հոդվածում հեղինակը խնդիրը դիտարկում է Անկարայի դիրքերից: Եվ այսպես`

ԹՈՒՐՔԻԱ

Կասկածից վեր է, որ Թուրքիան գիտի Մոսկովյան ու Կարսի պայմանագրերի ապօրինության մասին: Հրաշալի գիտի: Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո նա լուրջ մտավախություններ ուներ, որ Ստալինը խորհրդային զորքերը կմտցնի Թուրքիա և չեղյալ կհայտարարի «Խորհրդային Ռուսաստանի համար ծանրագույն պայմաններում»` հարկադրաբար ստորագրված Կարսի պայմանագիրը (ինքը Ստալինն էր այդ մասին ակնարկել Պոտսդամում):

Սակայն Հիրոսիմայի ու Նագասակիի ատոմային ռմբակոծությունները զսպեցին Խորհրդային Միությանը և պայմանագիրն ու սահմանները մնացին անփոփոխ: Այսօր այլ իրավիճակ է: Տարածաշրջանը  «ետ է դարձել» 1921 թվականը, երբ չկար Խորհրդային Միությունը և երբ որպես ինքնիշխան հռչակված, բայց իրականում Խորհրդային Ռուսաստանից փաստացի կախման մեջ գտնվող անդրկովկասյան խորհրդային հանրապետությունները ստպված էին կատարել Մոսկվայի հրահանգները: Ճիշտ է, այդ հրահանգերը տրվեցին միայն ի վնաս Խորհրդային Հայաստանի (Վրաստանը և Ադրբեջանը շահեցին), բայց եթե իրադրությունը պահանջեր վճիռներ կայացնել, ասենք, ի վնաս Վրաստանի, ապա դա այդպես էլ կարվեր, քանի որ Մոսկվայի փաստացի իշխանությունը Անդրկովկասում անվերապահ էր:

Այսօր` նոր աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում ինչպե՞ս վարվել  «էն գլխից» անվավեր մի պայմանգրի հետ: Անկարան որոշեց «թողնել ամեն ինչ նույնը» Նա վստահ էր, որ դա համապատասխանում էր նաև Մոսկվայի շահերին: Ինչպես հայտնի է, 1992-ին Անկարան Հայաստանի նորանկախ հանրապետությանը հիշեցրեց տարածքային ամբողջականության սկզբունքի և Կարսի պայմանագրի մասին: Եվ այնուհետև, ինչպես նշվեց, 2004-ին աջարական դեպքերի կապակցությամբ, ձայնակցելով Մոսկվային, հստակ հայտարարեց, որ Հարավային Կովկասում տարածքային հարցերը կարող են կարգավորվել միայն գործող Կարսի պայմանագրով:

Ի՞նչ օգուտներ է ակնկալում Թուրքիան Արձանագրությունների ստորագրման արդյունքում:

Այդ փաստաթղթերը հետագայում իր օգտին մեկնաբանելու նրա հաշվարկներից անկախ, Արձանագրությունների ստորագրման բուն փաստը նախ կնշանակի բավարարել Թուրքիա-Հայաստանի Հանրապետություն հարաբերությունների կարգավորման «քավորի»` ԱՄՆ-ի հորդոր-պահանջը: Անկարայում լավ են գիտակցում, որ ԱՄՆ-ը դրանով կփորձի եվրոպական, առաջավոր ասիական ու անդրկովկասյան իր աշխարահաքաղաքական խաղերում  Թուրքիային դարձնել նոր, ավելի էական դերակատար, ինչին, բանական է, Թուրքիան դեմ չէ: Հարբերությունների կարգավորման դեպքում Անկարան հուսով է, որ կփոխվի ցեղասպանության ու Հայաստանի Հանրապետության երկարամյա շրջափակման հետ կապված իր վնասված իմիջը և կհեշտացվի իր մուտքը Եվրամիություն: Արդեն իսկ այդքանը բավարար է, որպեսզի Անկարան քննարկվող հարցում ընդունի դրական որոշում:

Անկարան` տարածաշրջանային իր կշռի ու դերակատարության կարևորության բարձրացման հետ  է կապում նաև եվրոպական ուղղության հետ անմիջականորեն  չառնչվող ծրագրեր: Առաջին հերթին դա Ռուսատանին և Իրանին տարածաշրջանից դուրս մղելն է և Անդրկովկասյան գործերում գլխավոր դերակատար դառնալը: Ահա այս կետում է, որ Անկարան Բաքվին խորհուրդ է տալիս համբերությամբ լցվել և սպասել մինչև Հայաստանը տնտեսական ու քաղաքական այնպիսի կախման մեջ կնկնի Թուրքիայից, որ ավելի փոքր ու աննշան արգելք կլինի իրենց համատեղ ծրագրերում, քան այժմ ինքը է` փակ սահմանի դեպքում:

Թուրքիան, այսպիսով, կփորձի առավելագույն օգուտներ քաղել Հայաստանի Հանարպետության հետ փակ սահմանը բացելու և միջազգային հանրությանը դա «թանկ գնով ծախելու»  գործողությունից:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության հետ Արձանագրություններով նախատեսվող իր անելիքներին, ապա այստեղ ևս նա կփորձի շահել գործը: Մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ Անկարան, այնուամենայնիվ, կփորձի Հայոց Ցեղասպանության փաստը քննարկման առարկա դարձնել և, ամենայն, հավանականությամբ, նա արդեն ունի նախապես մշակված քայլեր (օրինակ, նա կարող է համապատասխան ենթահանձնաժողովին ներկայացնել նյութեր այն մասին, թե իրականում եղել է հակառակը` հայերն են ցեղասպանել թուրքերին, և դրանով մեզ ներքաշել մի գործընթացի մեջ, որտեղ մենք ստիպված կլինենք զբաղվել ցեղասպանության փաստի հիմնավորմամբ):

Հետագա ընդունվելիք փաստաթղթերում նա անպայման կջանա, որ դրանցում արձանագրվի Կարսի պայմանագրի լեգիտումությունը հաստատող դրույթներ, ինչը նրան թույլ կտա ապագայում հայտարարել, որ մենք ըստ էության նոր պայմանագիր ենք կնքել իր հետ` այս անգամ առանց դրսի ճնշման: Այլ կերպ` նա կձգտի օրինականացնել` իր ընդուման պահից ապօրինի և Խորհրդային Հայաստանին պարտադրված Կարսի պայմանագիրը:

Վերջապես, Թուրքիայի ապագա քայլերի մեջ մենք կարող ենք կանխատեսել հետևողականորեն ու համառորեն Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի հարաբերությունների զարգացումը Ղարաբաղյան խնդրի հետ կապելու փորձերը: Դա կարվի և ուղղակի և անուղղակի ձևերով:

Բաց սահմանները Թուրքիան, անկասկած, կփորձի օգտագործել ոչ միայն զուտ քաղաքական ու աշխարհաքաղաքական դիվիդենտներ շահելու, այլև  Հայաստանի Հանրապետությանը վնասելու համար` այս անգամ արդեն տնտեսության ու ժողովրդագրության ճակատներում: Թուրք մասնագետներն արդեն իսկ ուսումնասիրում են մեր տնտեսության առանձնահատկությունները հետագա տնտեսական գրոհները կազմակերպելու համար: Մեր մասնագետների անհոգ հայտարարություններն այն մասին, թե իբր այդ բնագավառում վտանգներ չկան, իրականում վտանգավոր են`տնտեսական դաշտում առաջիկայում ծավալվելիք գործընթացներին մեր անպատրաստ ներկայանալու առումով: Բավական է ասել, որ Հայաստանի Հանրապետության օրենքներն արտոնում են հողի առք ու վաճառքը, երբ, ի դեպ, այն արգելում է հսկայական հողային ռեսուրսներ ունեցող Թուրքիան և հողային սակավ ռեսուրսների տեր Իսրայելը: Կարող են ասել, թե հողի մասին ՀՀ օրենքները արգելում են հողի վաճառքը անձանց, ովքեր ՀՀ քաղաքացի չեն: Սակայն ակնթարթ անգամ չի կարելի կասկածել, որ թուրքերը հնարավոր բոլոր ձևերը կփնտրեն օրենքի այդ կետը շրջանցելու համար:

Նույնը վերաբերում է ժողովրդագրությանը: Բաց սահմանները թուրքին ու թուրքական անձնագրով ադրբեջանցուն հնարավորություն կտան ազատ գործել մեր երկրում, այն դեպքում, երբ Ադրբեջանական Հանրապետության դռները փակ կմնան մեր շարքային քաղաքացիների ու գործարարների համար: Պետք է արձանագրել, որ հետխորհրդային տարիներին (հատկապես, վերջին տարիներին), Անկարան ու Բաքուն նույն խաղի շրջանակներում կատարել են դերերի հստակ բաժանում: Եվրամիություն մտնելու համար Անկարան ավելի քաղաքակիրթ կեցվածք է ընդունել` հարձակողական նախաձեռնությունների, թշնամանքի ու անհանդուրժողականության բաժինը թողնելով Բաքվին, որն իր կեցվածքն ու վարքը արդարացնում է ՀՀ կողմից ադրբեջանական տարածքների զավթման մասին իրավաբանորեն բացահայտ կեղծ փաստարկով: Մտահոգիչ է այն, որ շուրջ քսան տարվա ընթացքում մենք չկարողացանք ոչ քարոզչության, ոչ պաշտոնական դիվանագիտության դաշտում քողազերծել այդ ակնհայտ կեղծիքը: Ղարաբաղյան հարցում մեր սայթաքումներն ու թույլ տված կոպիտ սխալներն են, որ մտավախության պատճառ են մնում այն հարցում, թե կհաջողվի՞, արդյոք, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի ապագա «բաց հարաբերությունների» դաշտում նույնպիսի սխալներ թույլ չտալ: Իսկ որ Թուրքիան ծուղակներ կսարքի մեր ճանապարհին, որ նա ամեն կերպ կօգտվի մեր` անգամ աննշան սխալներից (ինչը օրինաչափ, սովորական, նույնիսկ ոչ դատապարտելի մի բան է քաղաքականության ու դիվանագիտական հարաբերություններում), դրանում երկու կարծիք լինել չի կարող: Այդ իմաստով Թուրքիայի քաղաքական վարքը միանգամայն կանխատեսելի է:Կա սակայն կարևոր մի հանգամանք, որ ռեալ քաղաքականության մեջ անհնար է շրջանցելը: Մենք կարող ենք սկզբունքորեն կանխատեսել Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը իր հիմնական ուղղվածությամբ ու բովանդակությամբ: Բայց դա չի նշանակաում, որ մենք կարող ենք հաշվարկել նրա կոնկրետ դիվանագիտական քայլերը, այն ծուղակները, որ նա կփորձի սարքել հարաբերությունների կարգավորման ճանապարհին մեզ անակնկալներ մատուցելով և տնտեսական ու քաղաքական վնասներ պատճառելով: Ոչ ոք դա նրան արգելել չի կարող: Ավելին: Դա, ինչպես նշվեց, սովորական և ընդունված բան է պետությունների միջև հարաբերություններում: Հարցի այս կողմը սովորաբար մեզանում անտեսվում է: Դա դիվանագիտական արվեստի բնագավառն է, որտեղ, պետք է խոստովանել, թուրքը, մեղմ ասած, թույլ չէ:

Եվ վերջապես, մյուս կարևոր հանգամանքը, որ մենք դարձյալ իրավունք չունենք անտեսելու: Թուրքիան ոչ Ստամբուլն է, ոչ էլ Անկարան: Մենք չգիտենք, թե իր զանգվածի մեջ թուրքը որքան է հեռացել անցյալ դարասկզբի թուրքից: Անձնական շփումների փորձ է պետք անկողմնակալ ձևով գնահատելու, թե մարդկության դեմ ծանրագույն հանցանք գործելուց հետո անցած գրեթե մեկ հարյուրամյակի ընթացքում փոխվե՞լ է, արդյոք, այդ ժողովրդի ընդհանուր նկարագիրը, շարժվե՞լ է, արդյոք, նրա խիղճը դեպի զղջում ու ապաշխարում: Թե՞ մի չնչին առիթ է պետք, որպեսզի խորքում նիրհող քարանձավային տարերքը նորից հորդա դուրս: Բոլոր տարբերակներին պետք է պատրաստ լինել:


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն