«Հայկական քաղաքակրթություն. անցյալը և հեռանկարները»
Երևանում մեկնարկեց «ԱՐՏԱԳԵՐՍ» շարքից ԵՐԵԿՈՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԴՊՐՈՑԸ։
Նոյեմբերի 2-ին Երևանում մեկնարկեց “ՊՐՈՍՊԵԿՏՈՒՍ” տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացվող “ԱՐՏԱԳԵՐՍ” շարքից ԵՐԵԿՈՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԴՊՐՈՑԸ։ Այն կրում է «Հայկական քաղաքակրթություն. անցյալը և հեռանկարները» խորագիրը։ Կենտրոնի նախագահ, պատմաբան Թամարա Վարդանյանն իր բացման խոսքում նշեց այն խնդիրների շրջանակը, որոնք ներառված են ուսումնական ծրագրում։ Դրանք են` հայ ինքնության, մշակութային ինքնատիպության, ազգային առանձնահատկությունների, ուրույն պատմական անցյալի և ժառանգության, հայկականության շարունակականության ապահովման խնդիրներին առնչվող հարցերը։ Ժամանակակից համահարթեցման գործընթացներն ամբողջ աշխարհում մարտահրավեր են ազգային ինքնատիպությանը, իսկ Բաց հասարակության մոդելը կարող է ամբողջությամբ կլանել և տարրալուծել Հայ ինքնությունը։ Սա է պատճառը, որ դպրոցի կազմակերպիչները կարևորում են ազգային պաշտպանական մեխանիզմների կայուն համակարգի զարգացումն ու այդ համակարգի ներդաշնակ համակեցությունը համամարդկային իդեալների համակարգում։ Իսկ դպրոցի “ԱՐՏԱԳԵՐՍ” անվանումը խորհրդանշում է պաշտպանական ամրոցը՝ որպես Հայության գոյատևման և բնականոն զարգացման համար մղվող պայքարի խորհրդանիշ։
Կենտրոնի փոխնախագահ, պատմաբան Սուրեն Մանուկյանն իր խոսքում կարևորեց երիտասարդների շրջանում Հայամետ և Հայաստանակենտրոն մտածողության սերմանումը, և հույս հայտնեց, որ կհաջողվի դպրոցի աշխատանքները դարձնել շարունակական։
Երեկոյան դպրոցն անցկացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ։












