Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կմեկնի Քուվեյթ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պետական այցով կմեկնի Քուվեյթ: Սա Հայաստանի անկախացումից ի վեր ՀՀ Նախագահի առաջին պետական այցն է Ծոցի երկիր: Քուվեյթի միջազգային օդանավակայանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին կդիմավորի Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահը, Քուվեյթի թագաժառանգ Նավաֆ ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչներ:
Այցի առաջին օրը նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Քուվեյթի ԱԺ նախագահ Ջասսիմ Մոհամմադ ալ-Խորաֆիի և վարչապետ Նասսեր ալ-Մոհամմադ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ: Նախագահը կհանդիպի նաև Քուվեյթի ներդրումների հաստատության տնօրեն Բադեր Մոհամմադ ալ-Սաադին և տնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Աբդուլվահաբ Ահմադ ալ-Բադերին:
Օրվա ավարտին կկայանա ՀՀ Նախագահի և Քուվեյթի Էմիրի հանդիպումը, որից հետո Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև կստորագրվեն համագործակցության մի շարք փաստաթղթեր: Այնուհետև Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի անունից ` ի պատիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, կտրվի պետական ճաշ:
Այցի երկրորդ օրը Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Քուվեյթի գիտական կենտրոն, կհանդիպի Քուվեյթի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Ալի Մոհամմադ Թհունյան ալ-Ղանիմին:
Օրվա երկրորդ կեսին ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ












