Ադրբեջանի մտադրություններն Ուկրաինայում
Ուկրաինայում` 2010թ. հունվարի 17-ի նախագահական ընտրությունների պայքարն արդեն մեկնարկել է: Թեկնածու ֆավորիտների միջև, անկասկած, լարված մրցակցություն է ընթանալու: Եվ ինչպես ամենուր, այս դեպքում ևս մեր հարևան Ադրբեջանը ձգտում է ժամանակից շուտ «մտնել այնտեղ», որտեղ իրեն ոչ ոք չի սպասում:
Այսպես, ադրբեջանական իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը շտապել է հանդիպել Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցության» ղեկավար, նախագահի թեկնածու Վիկտոր Յանուկովիչի հետ` քննարկելու ապագա համագործակցության հարցերը: Հետաքրքիրն այն է, որ Ալիևի կուսակցությունը պատվիրակություն ուղարկեց Կիև այն ժամանակ, երբ Յանուկովիչի հետ հանդիպումից վերադարձավ «Բարգավաճ Հայաստան» քաղաքական կազմակերպության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Ադրբեջանական վերլուծաբաններն անգամ չեն թաքցնում, որ իրենք անհանգստություն ունեն հայ և ուկրաինացի քաղաքական գործիչների պարբերական հանդիպումներից, հնարավոր է` ընտրություններից հետո անսպասելիորեն լավանան հայ-ուկրաինական հարաբերությունները: Ադրբեջանցիները, սակայն, ոչ թե Գագիկ Ծառուկյանի այցերից են վախենում, այլ հնարավոր հանգամանքից, որ Ուկրաինայի նախագահ կդառնա Վիկտոր Յանուկովիչը` ընդգծված ռուսամետն ու հայկական կողմնորոշում ունեցողը:
Իրենց ապահովագրելու նպատակով ադրբեջանցիները դիմել են, խոստովանենք, խելացի քայլի: Նախագահի աթոռի համար իր թեկնածությունն է առաջադրել Ուկրաինայի ադրբեջանցի քաղաքացի Զաուր Աբբասովը: Վերջինս իր առաջին քարոզչական հայտարարություններում արդեն ասել է, թե պայքարի մեջ է մտնում Իլհամ Ալիևի խնդրանքով (ասել է թե` պատվերով), որպեսզի հայամետ ուժերը չկարողանան հաջողության հասնել: Նման քայլի ադրբեջանական կողմը գնաց նաև Վրաստանի նախագահական ընտրություններում: Վրացական օրինակով, այս անգամ էլ,դժվար թե ադրբեջանցիները որևէ, նույնիսկ նվազագույն հաջողության հասնեն, սակայն կարևորը տվյալ դեպքում այն է, որ Ադրբեջանը հստակ քայլեր է անում տարբեր երկրների ներքաղաքական դաշտ մտնելու համար, ինչը, բնականաբար, ենթադրում է ներգործուն լծակների ձեռքբերում:
Վերադառնանք, սակայն, մեր «ոչխարներին»: Զաուր Աբբասովը հույսեր ունի դառնալ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Վիկտոր Յանուկովիչի կամ Յուլիա Տիմոշենկոյի` Ուկրաինայի նախագահ ընտրվելու դեպքում, իհարկե, դժվար թե նրա երազանքն իրականություն դառնա, սակայն չի բացառվում, որ այս անգամ ադրբեջանցիները փորձեն պրովոկացիաների գնալ (իհարկե, թուրքական ուժերով), և հայամետ, թե ռուսամետ նախագահն ու կառավարությունը ստիպված լինեն որոշակի զիջումների գնալ, և եթե ոչ գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոյի նման, ապա գոնե ինչ-որ չափով կանգնել նաև Ադրբեջանի կողքին:
Նաիրի Հոխիկյան












