Գլխավոր » Լրահոս

Ալվարդ Պետրոսյան. «Առանց ժողովրդի քո սարերն ու ձորերը ոչ մի արժեք չունեն»

Նոյեմբեր 3, 2009թ. 17:22

Alvard PetrosyanՀայ-թուրքական հարաբերությունների ու Հայաստանում այդ թեմայի շուրջ տեղի ունեցող քննարկումների վերաբերյալ Ալվարդ Պետրոսյանն իր ուրույն կարծիքն ունի: Այն, որ Հայաստանում այսօր ամենաանվնաս թեման  հայ-թուրքական հարաբերություններն են դարձել, խիստ զարմացնում է տիկին Պետրոսյանին. «Մենք հիմա ամենասահմռկեցուցիչ իրադարձությունների սկիզբն ենք դրել: Մեր երկրի համար շատ կարևոր հարցեր են լուծվում: Ավետիք Իսահակյանն այս մասին խոսելիս անգամ կակազում էր. դժվար էր խոսել, մարդը ամեն բառն ասելուց առաջ մտածում էր: Այսօրվա մեր գործիչներն այնքան հեշտ են որոշումներ կայացնում, ախտորոշում: Մեր երկրի ճակատագիրն է որոշվում»:

Թուրքիայի հետ սահմանի բացման հարցն իր կարևորությամբ զիջում է պետությունների ներսում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ սահմանն, ըստ տիկին Պետրոսյանի, այսօր բացվում է, վաղը նույն հաջողությամբ կարող է փակվել:

Ժողովրդի, հայրենիքի ու պետության եռամիասնության գաղափարը մեկնաբանելիս էլ նա, որպես իսկական գրող, դիմում է գեղարվեստական արտահայտչամիջոցներին. «Հայրենիքը քո ժողովուրդն է: Առանց ժողովրդի քո սարերն ու ձորերը ոչ մի արժեք չունեն: Երբ պետությունն իր հարցերը լուծել չի կարողանում, օգնության է դիմում իր հայրենիքին, իր ժողովրդին:  Ասում են` ձիերը երբեք չեն դավաճանում: Ժողովուրդը ձիու նման է: Երբ ձիավորը վիրավոր է լինում, երասանը թողնում է ու վստահում ձիու բնազդին: Ձին միշտ հեծյալին տեղ կհասցնի: Վերջին քսանամյակի ընթացքում մենք տեսանք, թե այդ բնազդն ինչքան անթերի է»:

Վերադառնալով ծայրը չերևացող հայ-թուրքական հարաբերությունների թեմայի քննարկումներին`Ալվարդ Պետրոսյանը մեկ հետևություն է անում. «Մեր ժողովուրդը երբեք այդ թեմայից ձերբազատված չի եղել: Դեռ լավ է, որ ձերբազատվել ենք այն բարդույթից, թե կարմիր բանակը կգա, մեզ կազատագրի: Արցախի ազատագրումով դա հաղթահարեցինք»:

Թուրքական մամուլում տեղ գտած հոգեցունց հայտարարություններն ու կոչերն էլ բանախոսը որակում է որպես «ոչ ներքին օգտագործման» նյութ. «Դա չի արվում Ադրբեջանի ականջը շոյելու համար»:

Ստացվում է, որ մեզ էլ պետք է մշակել որոշակի մեխանիզմ, որի շնորհիվ կկարողանանք տեղեկատվության այս հոսքից զտել այն, ինչ պետք է մեզ և թույլ չտալ, որ մեզ համար նախատեսված ապատեղեկատվությունը հասնի իր նպատակին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն