Կեցցե աչքակապությունը
Վաղը Բաքվում կմեկնարկեն ԱՊՀ երկրների երիտասարդների օրերը։
Չորս օր շարունակ՝ նոյեմբերի 4-ից մինչև 7-ը, ԱՊՀ երկրների 120 երիտասարդներ ցուցահանդեսներում կներկայացնեն իրենց լուսանկարչական ու նկարչական աշխատանքները, կերգեն ու կպարեն։
Բացի այս, նախատեսվում են քննարկումներ, բանավեճեր։ Բնականաբար, երիտասարդական այս միջոցառմանը չեն մասնակցի Հայաստանի ներկայացուցիչները։ Նրանք հրավիրված չեն: Դժվար թե մեր երիտասարդները մեծ ցանկություն ուեին զբոսնելու Բաքվի փողոցներում։ Բայց կամայականորեն Հայաստանն ԱՊՀ երկրների շարքից «ջնջելով»՝ եղբայրության ու բարեկամության կարգախոսներով հանդես եկող հարևանների ակտիվ երիտասարդության ներկայացուցիչների համար սա, անշուշտ, լավ առիթ է՝ քաղաքական իրադարձությունների շուրջ իրենց միակողմանի կարծիքը ներկայացնելու ու տարածելու համար։
Ի դեպ, երիտասարդների օրերի շրջանակում Սումգայիթում խոհարարական փառատոն է նախատեսվում։ Փառատոնի ընթացքում պետք է ներկայացվեն ԱՊՀ երկրների ազգությունների ազգային խոհանոցները։
Հետաքրքիր է, ԱՊՀ երկրների «առաջադեմ» երիտասարդներից որևէ մեկի մտքով կանցնի՞ ադրբեջանցի «եղբայրներին» հարցնել, թե ինչո՞ւ ժամանակին նաև հայերով բնակեցված Սուգայիթում այսօր ոչ միայն հայկական խոհանոցի, այլև հայերի մասին որևէ խոսք չկա։ Իսկ ո՞ւր անհետացան այդ քաղաքի ստեղծման գործում մեծ լումա ներդրած հայերը: Անշուշտ, հայերի մասին հիշողություններն այստեղ կապված են սումգայիթյան հայտնի Ցեղասպանության հետ, որ 20-րդ դարավերջին Ադրբեջանն իրականացրեց հայերի նկատմամբ: Սակայն թյուրքական ցեղախմբերի մերօրյա ժառանգներն, անշուշտ, կլռեն այդ մասին:
ArmAr.am












