Ինչու՞ են աղմկում ՀԿ-ները
ՀՀ կառավարությունը վերջերս խորհրդարանին է ներկայացրել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծ: Կառավարության առաջարկը վրդովմունքի մեծ ալիք է բարձրացրել մի շարք հասարակական կազմակերպետությունների մոտ։
Առանձնակի քննարկման թեմա դարձավ այն, թե ՀԿ-ները քանի տարին մեկ պետք է հրավիրեն հերթական ժողովներ կամ համագումարներ։ Այս խնդրի վերաբերյալ օրենքի փոփոխությամբ նախատեսվում է երկու տարին դարձնել չորս՝ հաշվի առնելով ֆինանսական այն զգալի ծախսերը, որոնք անհրաժեշտ են նման միջոցառումների համար։ Բայց բարձրացված աղմուկից կարելի է ենթադրել, որ մեր ՀԿ-ների համար ժողովների հրավիրումը օդ ու ջրի պես անհրաժեշտ մի գործընթաց է, և ժամկետի երկարաձգումը կարող է «լուրջ» հետևանքների հանգեցնել։
Ինչևէ. եթե այս և մի քանի այլ կետերի շուրջ վրդովմունքի ալիքը կարելի է համարել թույլից չափավոր, ապա այն իր գագաթնակետին հասավ այն փոփոխության առիթով, ըստ որի առաջարկվում է ՀԿ-ներին մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը մամուլում տեղեկատվություն հրապարակել կազմակերպության գործունեության, գույքի օգտագործման, ինչպես նաև ֆինանսների մասին։
Այսինքն, կառավարությունը փորձում է հնարավորինս թափանցիկ դարձնել մեր երկրում գործող ՀԿ-ների գործունեությունը: Հայտնի է, որ հասարակական կազմակերպությունների ֆինանսական սնուցիչը դրսից ստացվող դրամաշնորհներն են. միջազգային կազմակերպությունները տրամադրում են գումարներ` որոշակի ժամկետում որոշակի ծրագրեր իրականացնելու նպատակով: Եվ բնական է, որ այս հանգամանքը չի կարող մտահոգիչ չլինել, ի վերջո, ովքե՞ր են դրամաշնորհներ տրամադրողները, և ի՞նչ հեռահար նպատակներ են դրանք հետապնդում մեր երկրում:
Գաղտնիք չէ, որ իրավապաշտպան ՀԿ-ների անվան տակ մեզանում գործում են կազմակերպություններ, որոնց գործառույթն ընդամենը մեկն է` անհրաժեշտ պահին պաշտպանության տակ առնել սնկի պես աճող աղանդավորական կառույցներին: Կամ էլ հայտնվում են բնապահպանական ՀԿ-ներ, բայց երբ հետևում ես դրանց գործունեությանը, համոզվում ես, որ նրանք ոչ այնքան բնության պաշտպանությամբ են զբաղված, որքան Հայաստանի համար ոչ նպաստավոր բնապահպանական ծրագրեր առաջարկելով:
Ավելին, կան լուրջ մտահոգություններ, որ հասարակական կազմակերպությունների անվան տակ մեր երկրում արևմտյան մի շարք կառույցներ, մասնավորապես` քաղաքական հարթության մեջ, հակազգային գործունեություն են ծավալում:
Ահա թե ինչու ՀԿ-ներն այդչափ մեծ աղմուկ բարձրացրեցին, երբ կառավարությունը ներկայացված նախագծով փորձեց վերահսկելիություն սահմանել:












