Գլխավոր » Լրահոս

Հաշմանդամները հոգածության կարիք ունեն

Նոյեմբեր 4, 2009թ. 09:30

-Ես որպես հաշմանդամություն ունեցող մարդ, ինձ այս երկրի լիիրավ քաղաքացի չեմ զգում և շատ դժգոհ եմ այս պետությունից և բոլոր այն կառույցներից ովքեր պատասխանատու են մարդկանց արժանապատիվ կյանքի համար-, ասում է Զարուհի Բաթոյանը:

Այսօր  ՀՀ-ում 177208 հաշմանդամություն ունեցող մարդ է ապրում: Սակայն նրանց բաժին է ընկել, ամենադժվարը` ապրել 21-րդ դարում և չունենալ ազատ տեղաշարժվելու հնարավորություն: Ինչքան էլ զարմանալի է, բայց Հայաստանում, որտեղ բնակչության մեծամասնությունը կրթություն ունի, հաշմանդամ մարդկանց տեղաշարժի  համար հարմարավետ պայմաններ չկան:  Ասվածն  ապացուցելու համար թերևս հետազոտությունների կարիք չի էլ զգացվում` պարզապես պետք է  շրջել մայրաքաղաքի փողոցներում: Փոքր ի շատե ուշադիր մարդը կնկատի, որ հաշմանդամ մարդկանց ազատ տեղաշարժվելու, կրթություն ստանալու, խանութ հաճախելու, հասարակական վայրերում լինելու և  ընդհանրապես, հասարակական կյանքին մասնակից դառնալու համար անհրաժեշտ միջավայր չկա:

-Այսօր մարդը չի կարող իր բնակարանից դուրս գալ, ուր մնաց ինչ-որ խանութ գնա, կամ փողոց անցնի, որտեղ կառուցված կիսահարմար թեքահարթակ կամ կլինի,  կամ ոչ,- ասում է տիկին Զարուհին:

Եվ իսկապես, թեքահարթակներ ամեն տեղ չէ որ կան, իսկ եղածներն էլ  կամ շատ են թեք, գետնից բարձր, կամ էլ իջնելիս չես կարող վստահ լինել, թե անվնաս կարող ես մինչև վերջ հասնել: Դրանում համոզվելու համար ուղղակի պետք է անցնել Չեխովի անվան դպրոցի հարևանությամբ գտնվող գետնանցումով: Այստեղ խորհրդային տարիներից մնացած հնամաշ երկաթե թեքահարթակի վերջում, անձրևաջրերից ջրատարի եզրը քանդվել է` առաջացնելով ոչ այնքան մեծ փոս, որը սակայն անվասայլակի վրա նստած մարդու համար կարող է վտանգավոր լինել, իսկ  նորոգողներ չկան, երևի բողոքներ չեն եղել:

Հասարակական տրանսպորտի հարմարավետության  մասին խոսելն անգամ ավելորդ է: «Գազել» մակնիշի երթուղայինները, որոնք տեղափոխման հիմնական միջոցն են մեր քաղաքում, բոլորի համար են անհարմար, դրանց առաջին աստիճանը կես մետր բարձր է գետնից և բարձրանալու համար դժվարություններ են ունենում թե երեխաները, թե ծերերը, այդ դեպքում ինչպես կարող են դրանցով երթևեկել, ասենք,  անվասայլակով մարդիկ: Ճանապարհներն էլ հարմարավետության առումով հուսադրող չեն` Եվրոպայում վաղուց արդեն կիրառվում են ազդանշանային լուսացույցեր, որոնք կույրերին կհուշեն լուսաֆորի գույնը և հնարավորություն կտան առանց կողմնակի օգնության անցնել ճանապարհը, իսկ մեզ մոտ այս մասին մտածելն անգամ անհավանական է թվում: Ուստի հարց է առաջանում, մարդը` ով ունի հաշմանդամություն, ինչպես կարող է առանց որևէ մեկի օգնության լիարժեք տեղաշարժվել քաղաքում:  Ահա այստեղից էլ հաշմանդամների համար ծագում են մնացած բոլոր խնդիրները. եթե մարդը ազատ տեղաշարժվելու հնարավորություն չունի, ապա ինչպես նա կկարողանա կրթություն ստանալ, աշխատել,  ընտանիք ստեղծել և ուղղակի ապրել լիարժեք կյանքով:

Կարինե Պետրոսյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն