Եթե իսլամ ընդունած հայերը ազգային ինքնագիտակցության գային, Ադրբեջանը ներսից կքանդվեր
Չկա մի դեպք, երբ մահմեդական հայը օրհասական պահին ազգային ինքնագիտակցության եկած լինի
Վերջերս շատերն են խոսում մահմեդականություն ընդունած ծագումով հայերի մասին: Չնայած խոսակցությունները նոր ընթացք են ստացել, սակայն դրանք իրենց բնույթով նոր չեն: Դեռ 1970-ականներին ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը աշխատություն է գրել Սև ծովի երկայնքով տարածվող` Տրապիզոնի շրջանում բնակվող համշենահայերի մասին և ցույց տվել նրանց մշակույթը: Այսօր, խոսելով մահմեդական հայերի մասին, պետք է նշել նրանց «ձևավորման» դրդապատճառները և այն, թե աշխարհաքաղաքական ինչ հանգամանքների բերումով են հայերը ստիպված եղել հավատափոխ լինել:
ArmAr.am-ի թղթակցի հետ զրույցում Մատենադարանի ավագ գիտաշխատող Վարդան Դևրիկյանն ասաց. «Առաջին բռնի հավատափոխությունը եղել է 10-11 դարերում: Տարբեր քոչվոր-թաթարական, սելջուկական արշավանքների ընթացքում հավատափոխությունը տարբեր ծավալների է հասել: Դրա արդյունքում ձևավորվել է նահատակների մի տեսակ, որը կապվում է հայերի մահմեդականության ընդունումից հրաժարումի հետ: Պետք է նշել, որ նաև լեռնային, խուլ շրջաններում ապրել են հայեր, որոնք ընդունել են մահմեդականությունը:
Նրանց երկրորդ տեսակը ձևավորվել է բողոքականության հիմքի վրա: Այն հայերը, ովքեր ընդունեցին բողոքականություն, կաթոլիկություն, խզեցին կապը հայ առաքելական եկեղեցու հետ և հետագայում դարձան մահմեդականներ, քանի որ չկարողացան պահել ազգային ինքնագիտակցությունը»:
Գոյություն են ունեցել նաև թուրքախոս հայեր, որոնք եղել են քրիստոնյա, սակայն հաղորդակցվել են թուրքերենով: Նրանք, ի տարբերություն մահմեդական հայերի, գիտակցել են իրենց ինքնությունը, ազգային պատկանելությունը և հայատառ թուրքերենով հսկայական մշակույթ են ստեղծել: Նրանք կորցրել են լեզուն, բայց պահել են ազգային ինքնագիտակցությունը, քանի որ շարունակել են քրիստոնյա մնալ և անգամ Աստվածաշունչը թարգմանել են թուրքերեն` մատչելի լինելու համար:
Հայերի հավատափոխության փուլերը վերը նշված երկուսով չեն սահմանափակվում:
«1915 թվականը հաջորդ դավանափոխության շրջանն էր: Միջնադարում հավատափոխությունը ենթադրում էր ազգափոխություն: Ուրացողը գիտակցում էր, որ ոչ միայն հավատը, այլև ազգությունն էր ուրանում, դրա համար մենք ունեցանք բազում նահատակներ, ովքեր մահը գերադասեցին հավատափոխությունից: Նման պայմաններում, եթե մարդ նույնիսկ գիտակցված ձևով հեռանում է իր կրոնից, որոշ ծիսական սովորույթներ երբեմն պահպանում է: Ինչպես հայերը, քրիստոնյա դառնալով, պահեցին իրենց որոշ հեթանոսական ծիսակարգերը` հարմարեցնելով քրիստոնեությանը»:
Առաքել Դավրիժեցու պատմությունից մեզ հայտնի է, որ մահմեդականացված վրացիները հաց թխելուց հացի վրա խաչ են հանում: Այդ ավանդույթը պահպանվել է մինչ օրս, որը նպատակ ունի հացը օրհնված դարձնել, սակայն դա ինքնին քրիստոնեական ծես է:
«Տրապիզոնի համշենահայերը, որոնք մահմեդականություն ընդունած, որոշակի փակ տարածքում ապրող ծագումով հայեր են, շատ ավելի մաքուր են պահել իրենց հավատալիքները, ծեսերը, սովորությունները, քան այն հայերը, որոնք բաց հաղորդակցական միջավայրում են եղել: Մաքուր հայկական միջավայրում դրանք ավելի են ջնջվել, քան փակ միջավայրում: Սակայն դա պահպանվում է ոչ թե ազգային ինքնագիտակցությամբ, ինքնությամբ, այլ սերնդեսերունդ փոխանցվող սովորությունների հաշվին»,- ասաց Վարդան Դևրիկյանը:
Բացի թուրքացած հայերից, գոյություն ունեն նաև քրդացած հայեր: Նրանք հիմնականում Սասունի շրջանից են եղել, սակայն ժամանակի ընթացքում քրդացել են` պահպանելով ծիսակարգը: Օրինակ` քրիստոնյա հայերի և քրդացած հայերի միջև պահպանվում է «Թուխ Մանուկի» ծիսակարգը: Նրանք այդ տոնն անվանում են «Ղարա Օղլյան», որը նույն տոնի թուրքերեն անվանումն է: Ծիսակարգերի նմանությունները կարող են բացատրվել և արևելյան սովորությունների որոշակի նմանություններով, և այն գիտակցությամբ, որ այս պահին լինելով թուրք կամ քուրդ` սերում են հայկական միջավայրից:
«19-րդ դարավերջին, երբ ծավալվում էր ազատագրական պայքարը, հայերը, գիտակցելով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ մահմեդական քրդերի մի մասը ծագումով քրիստոնյա հայ է եղել, փորձում էին համոզել, որ վերջիններս, եթե անգամ չեն նպաստելու հայ ազատագրական պայքարին, ապա գոնե չխանգարեին հայերին` ցույց տալով հայերի և քրդերի կենցաղային, ծիսական ընդհանրությունները»:
Հայերն իրենց նկարագիրը հիմնականում անփոփոխ են պահել մահմեդական շրջապատում, քանի որ դրսից եկող վտանգն ակնհայտ է եղել, իսկ քրիստոնյա միջավայրում թվում է, թե ինքնությանն այնքան մեծ վտանգ չի սպառնում, դրա համար էլ առավել ազատ են եղել և շուտ ձուլվել: Մահմեդական միջավայրը պահանջում է գոյատևման համար որոշակի նորմերի պահպանություն, քանի որ այն քրիստոնեության հետ անհամատեղելի է.
«Կրոնը որոշիչ դեր է խաղում` միակերպ չեն կարող մտածել մուսուլմանացած ծագումով հայը և քրիստոնյա հայը: Հարցը միայն կրոնական հարթության մեջ չէ, կրոնական տարբերությունն առավել ցայտուն է դառնում կենցաղում: Նման հակասություն կարող է առաջանալ անգամ այն դեպքում, երբ տարբեր տարածքներում և միջավայրում ապրող միևնույն կրոնի ներկայացուցիչները հայտնվում են նույն միջավայրում: Դրա վառ ապացույցը 40-50-ական թվականների հայրենադարձությունն է: Ընդամենը երկու տասնամյակ իր բնօրրանից կտրված մաքուր արևմտահայը, ով երկու տասնամյակ օտար երկրում էր ապրել, այստեղի հայի կողմից նույն կերպ չընդունվեց: Պետք է նաև հիշել, որ հայրենադարձվածը և այստեղի հայը դեռ երեք տասնամյակ առաջ նույն հայրենի հողում էին ապրում, նույն արժեքային համակարգի կրողներն էին, արևմտահայության շառավիղներն էին»,- ասաց Վարդան Դևրիկյանը:
Իսլամ ընդունած հայերը միայն թրքացված կամ քրդացված չեն: Վարդան Դևրիկյանը նշեց նաև նրանց երրորդ «շերտը».
«Նախիջևանի կեսը մահմեդականացված հայեր են: Նրանց նախնիների մի զգալի մասը 14-15-րդ դարերում կաթոլիկություն ընդունեց` հեռացավ Հայ Առաքելական եկեղեցուց, ապա արշավանքների և հալածանքների արդյունքում մահմեդական դարձավ: Արցախի Տող գյուղի կեսը հայեր էին, կեսը` մուսուլման հայեր կամ ադրբեջանցիներ, ովքեր Արցախի ազատագրման ժամանակ գնացին Ադրբեջան կամ այլ երկրներ: Նրանք նշանավոր Մելիք Եգանի տոհմի շառավիղներն էին, որոնց կեսը մուսուլման էր դարձել: Չնայած շատ լավ գիտակցում էին իրենց ծագումով հայ լինելը, սակայն զարմանալի է, որ անգամ Արցախի ազատագրման ժամանակ ազգային ինքնագիտակցության չեկան ու հայերի դեմ ամենակատաղի կռվողները հենց նրանք էին: Ոչ մի դեպք չգիտենք, երբ մահմեդական հայը օրհասական պահին ազգային ինքնագիտակցության է եկել: Անգամ ներկայիս Այրում գյուղում նախկինում բնակվող մահմեդականները ևս ծագումով հայեր էին և սահմանակից էին ՀՍՍՀ-ին և ՎՍՍՀ-ին: Սակայն այդ տարիների ընթացքում նրանք այդպես էլ չհայացան` չնայած հստակ գիտեին և գիտակցում էին իրենց հայկական ծագումը: Նրանց օրինակով կարելի է ասել, որ իսլամացած «հայը» երբեք չի կարող բարձրանալ հայի ինքնագիտակցության աստիճանի: Ընդհակառակը, հայկական ծագում ունեցող մահմեդականներն ավելի դաժան են եղել հայերի նկատմամբ և, ինչպես ասում են, Պապից ավելի կաթոլիկ են»,– ասաց Վարդան Դևրիկյանը:
88-ի Արցախյան շարժման ժամանակ, եթե իսլամ ընդունած հայերը ազգային ինքնագիտակցության գային, Ադրբեջանը ներսից կքանդվեր, քանի որ նրանք բնակվում էին ռազմավարական լուրջ շրջաններում, սակայն, ինչպես տեսանք, նման բան տեղի չունեցավ:
Աշխարհայացքի ձևավորման հարցում և ծիսական հարթությունում կրոնը որոշիչ դեր է կատարում. «Օրինակ` Եհովայի վկաները կենաց չեն խմում, իսկ Հայ Առաքելականներս և’ ուրախության, և’ սգո սեղանին կենաց ենք խմում: Սգո ժամանակ կենդանի հիշատակի կենացն ենք խմում: Բազմաթիվ օրինակներ գիտեմ, որ Եհովայի վկաները կենացին չեն մասնակցում, այլ լուռ նստում են: Սակայն անգամ այդ դեպքում վիճաբանություն է առաջանում, քանի որ նրանց կենացին չմիանալը դիտվում է որպես վիրավորանք, հանգուցյալի հիշատակի անարգում: Սա ոչ եկեղեցում, ոչ պաշտամունքի մեջ, այլ կենցաղում ծագած վիճաբանության կոնկրետ օրինակ է, որին հանգել ենք կրոնական հարթությունում առկա տարբերությունների պատճառով»,- եզրափակեց Վարդան Դևրիկյանը:
Արմենուհի Կարեյան












