Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Էրդողանը ստիպված կլինի բացատրություններ տալ Օբամային

Նոյեմբեր 4, 2009թ. 10:28

erdoghanԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, հանդես գալով իր հարազատ` «Արդարություն և զարգացում»  կուսակցության առջև, հայտարարել է, որ այն պետությունները, որոնք դատապարտում են Իրանի միջուկային ծրագիրը, անձամբ են տիրապետում այդ զենքին: Հասկանալի է, որ Էրդողանի ակնարկն ուղղված էր Իսրայելին:

Թուրքիայի վարչապետը նաև շեշտել է. «Մեր կուսակցությունն իր կառավարման 7 տարիների ընթացքում ամեն ինչ արել է տարածաշրջանային խնդիրները հարթելու  ուղղությամբ, այդ հարցերը մենք քննարկել ենք մեր   տարածաշրջանային երկրների հետ: Այդ առումով լավագույն օրինակ կարող են ծառայել Սիրիան և Իրաքը»: Ըստ նրա, ներկայումս Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ուղղված է «երկրագնդում խաղաղության հաստատմանը»:

Փաստորեն, Թուրքիայի իշխանություններն  իրենց իրավունք են վերապահում հայտարարել, թե Թուրքիան այլևս այնպիսի մի պետություն է, որը կարող է  իր «ուսերին վերցնել»  երկիր մոլորակի բոլոր պետությունների  խնդիրներն ու լուծել դրանք: Բայց հարց է ծագում` ինչպե՞ս կարող է նման դեր ստանձնել մի երկիր, որն իր  ներսում  ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ:

Ինչևէ, Էրդողանն իր կուսակիցներին վստահեցրել է, որ Թուրքիան չի փոխել իր արտաքին քաղաքականությունը, և շեշտել է, որ Գազայի շրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսելը չի նշանակում, թե Թուրքիան փոխում է իր դաշնակիցներին: Էրդողանը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան շարունակելու է հանդես գալ պաղեստինցիների իրավունքների պաշտպանի դիրքերից,  միաժամանակ ակնարկելով, որ չի պատրաստվում խզել իր հարաբերություններն Իսրայելի հետ:

Արևմտյան վերլուծաբանների գնահատմամբ, Թելավիվը չի կարող երկար  հանդուրժել Անկարայի հարձակումները: Եվ չի բացառվում, որ նոյեմբերի 7-ին Էրդողանն իր` ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում ստիպված լինի որոշակի բացատրություններ տալ Միացյալ նահանգների նախագահ Օբամային, թե ինչով է պայմանավորված իր երկրի հակաիսրայելական  քաղաքականությունը, երբ մի կողմից փնովում են Իսրայելին, մյուս կողմից  Իրանին առաջարկում  իր  համագործակցությունը:

Քրիստինե Մելքոնյան


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն