Լևոն Արոնյանը կմասնակցի Միխայիլ Տալի մրցաշարին
Լևոն Արոնյանը մասնակցելու է աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հիշատակին նվիրված մրցաշարին, որը կայանալու է Մոսկվայում նոյեմբերի 5-ից 18-ը (ներառյալ բլից-շախմատի աշխարհի առաջնությունը):
Sportinfo.am գործակալության փոխանցմամբ՝ Արոնյանի մրցակիցներն են լինելու Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Պետեր Լեկոն (Հունգարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա): Նոյեմբերի 5-8-ը մրցաշարը կկայանա «Նացիոնալ» հյուրանոցում, նոյեմբերի 10-14-ը՝ ԳՈՒՄ-ի ցուցասրահում, իսկ նոյեմբերի 9-ն ազատ օր է: Մրցումները կսկսվեն մոսկովյան ժամանակով ժամը 15-ին:
Նոյեմբերի 16-18-ին ԳՈՒՄ-ում կկայանա բլիցի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն շրջանակային մրցաշարի բոլոր մասնակիցները, նաեւ հատուկ հրավիրված Անատոլի Կարպովը, Ա.Կոստենյուկը, Լ.Դոմինգեսը, Ա.Գրիշչուկը, Դ.Յակովենկոն, Յու. Պոլգարը եւ «Աերոֆլոտ-Օփենի» ընտրական բլիցի վեց հաղթողները՝ Սերգեյ Կարյակինը, Վուգար Գաշիմովը, Շահրիյար Մամեդյարովը, Ե.Բարեւը, Վ. Տկաչեւը եւ Չժոու Ցզյանչաոն: Մրցումները կսկսվեն մոսկովյան ժամանակով ժամը 15-ին:
ArmAr.am












