Գլխավոր » Լրահոս

Իսկ վարչապետը հավաստիացնում է…

Նոյեմբեր 4, 2009թ. 12:00

Այն մասին, որ հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, միաբերան հայտարարում են մեր երկրի ղեկավարները: Իհարկե, աշխարհին կապող այլընտրանքային ճանապարհը` երկաթուղու տեսքով,  Հայաստանին թույլ կտա ձերբազատվել Վրաստանի տրանսպորտային  կախվածությունից, կակտիվանա տնտեսական մրցակցությունը, կմեծանան ներդրումները: Պակաս գայթակղիչ չէ նաև օտար շուկան հայ գործարարների համար որպես թիրախային շուկա դիտարկելու և իրականացնելու հեռանկարը:

ArmAr-ն արդեն անդրադարձել է այս թեմային` ներկայացնելով անկախ տնտեսագետների կարծիքներն այն մասին, թե ինչ ազդեցություն կունենա սահմանի բացումը Հայաստանի տնտեսության վրա: Վերոնշյալ առավելություններից բացի, հայ տնտեսագետները թվարկում են նաև բացասական հետևանքները: Մասնավորապես, խոսվում է  թուրքական էժան աշխատուժի ներհոսքի վտանգի մասին, թե ինչպես այն կանդրադառնա առանց այն էլ գործազրկության մեծ ցուցանիշ ունեցող մեր պետության աշխատաշուկայի վրա:

Խնդիրն այն է, որ  պետությունն այդ ազդեցությունները պարզելու նպատակով պետք է մանրամասն ուսումնասիրություն իրականացնի: Բայց կատարվո՞ւմ են, արդյոք, մեզանում նման ուսումնասիրություններ: Այսպես. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ նման ուսումնասիրությամբ պետք է զբաղվի Զբաղվածության պետական գործակալությունը: Մինչդեռ զբաղվածության պետական գործակալության աշխատաշուկայի կանխատեսման բաժնի պետ Անահիտ Փարսադանյանը փոխանցեց, որ մինչ օրս  իրենց կողմից  որևէ ուսումնասիրություն չի կատարվել` պարզելու, թե հայ-թուրքական սահմանի բացումն ինչ ազդեցություն կունենա աշխատաշուկայի վրա: Մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել այն պետական օղակը, որը նման ուսումնասիրություն իրականացրած լինի:

Չգիտես` միտումնավորությա՞ն, թե՞ անփութության պատճառով են նման լրջագույն խնդիրները դուրս մղվում հայրենի կառավարության   տեսադաշտից: Մինչդեռ  վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում է հավաստիացնել, թե հայ-թուրքական սահմանի բացման ազդեցությունները պարզելու նպատակով  հայրենի կառավարությունը բոլո~ր ոլորտներում մանրամասն  ուսումնասիրություններ է  կատարում…

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն