Ադանայի կոտորածը պետական ծրագրի մի մասն էր միայն
Հոկտեմբերի 27-30-ը Լիբանանի Անթիլիաս քաղաքում տեղի ունեցան միջոցառումներ` նվիրված Ադանայի կոտորածների 100-ամյակին: Միջոցառման ընթացքում Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Անթիլիասի մայրավանքում բացվեց Ադանայի կոտորածների 100-ամյակին նվիրված նորակերտ խաչքարը:
Հիշատակի այսպիսի միջոցառումները կոչված են ևս մեկ անգամ հիշեցնելու մարդկությանն ու աշխարհին, որ ոճիրը չի մոռացվում, որ դրանց մասին հիշողություններն ապահովագրում են մարդկությանը նորանոր չարիքներից, և ինչպես մեր վեհափառ հայրապետը կասեր` «Պետք է միշտ դասեր քաղել եղելություններից»:
Վերլուծաբան, քաղաքագետ Լևոն Շիրինյանի մեկնաբանությամբ, Ադանայի կոտորածները հարկ է Հայոց Ցեղասպանության հետ դիտարկել որպես մի ամբողջական ծրագրի մաս, որպես սկիզբ ու նախաբան:
Ուղիղ հարյուր տարի առաջ միջազգային հանրությունը ներկայացնող ուժերը ոչ մի բան չարեցին` կանխելու չարիքի սերմերը, որ հետագայում պետք է վերաճեին առանձին ազգերի ոչնչացման դիվական պլանի:
Երիտթուրքերն անխնա ոչնչացրեցին Ադանայի, Սիսի, Զեյթունի և մի շարք այլ հայկական տարածքների հայ բնակչությանը: Հակահարված հայկական կողմից, իհարկե, կար: Սարերում ու ձորերում կազմակերպված պաշտպանության առաջին փուլում հայկական կողմը կարողացավ արժանի հակահարված տալ, իսկ ահա թուրքական երկրորդ հարձակման ժամանակ իրականացվեց արդեն իսկական ոճիրը: Մարդկանց տանջամահ էին անում, ենթարկում կտտանքների: Միայն Ադանայում թուրք ոճրագործները կոտորեցին 30 000 մարդու` հայ լինելու համար:
Ադանայի իրադարձությունները բացահայտեցին երիտթուրքերի քաղաքականության դեմքը, որը սուլթան Համիդի արյունարբու երևակայությունից տարբերվում էր փորձությունների ու լլկումների առավել կատարելագործված տարբերակների կիրառմամբ: Սա դեռ մարսել էր պետք: Ու մարսեցին:
1909 թվականի ապրիլի 19-ին թուրքական մեջլիսում քննարկվեց Ադանայի ջարդերի հարցը… Նույն թվականին` ամռանը, ռուս գեներալ-գնդապետ Յուդենիչը (Վրաստանում ռուսական բանակի շտաբի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար) գրում է. «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես հայերն են ոչնչացրել 30 000 անզեն մուսուլմանների, և հիմա դրա համար նրանց են պատժում: Հայ վկաներին ենթարկում են շանտաժի, հետաքննող հանձնաժողովը նրանց վկայություններին չի հավատում. Դեմ առ դեմ հանդիպման ժամանակ մահմեդականը միշտ ճիշտ է դուրս գալիս»:
Եվ իրոք, Ադանայի կոտորածներից հետո մի շարք հայ գործիչներ սպառնալից զգուշացումներ ստացան: Նրանց խորհուրդ էին տալիս չխոսել այս իրադարձությունների մասին, հակառակ դեպքում «հարցը կբարդանա», և հայերին կկոտորեն մեծից փոքր. «Ձեզ հետ կվարվեն այնպես, որ վերջին կոտորածները ձեզ փառք կթվան»:
Թուրքական պատմության այս ամոթալի էջը շուտով կոծկվեց` դատարկ խոսքերով ու անիրականանալի խոստումներով, իսկ կազմակերպիչներից ոչ մեկն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց:
Իսկ հայերին վայրագ մեթոդներով` «մեծից փոքր», կոտորելու իրենց խոստումը կատարեցին ուղիղ 6 տարի անց: Ըստ Լևոն Շիրինյանի, դա պետականորեն հստակ ծրագրված գործողությունների համակարգ էր. «Սա հատուկ քաղաքականության` Արմենոցիդի արդյունք էր: Երևույթն այլ կերպ չես անվանի: Պարզապես Թուրքիան Եվրոպայից շարժվում էր դեպի Ասիա, իսկ ճանապարհին հայությունն էր կանգնած»: Մարդկային կոտորածներից բացի իրադարձություններն ուղեկցվում էին թալանով ու անխնա ավերածություններով: Թուրք ժողովուրդը դեռ երկար ժամանակ ապրում էր հայ ժողովրդի տարիների վաստակի հաշվին:
Անգլիացի գրող Բենսոնը հետագայում գրում է, որ Ադանայում փորձարկվում էին ոչ միայն մի ամբողջ ժողովրդի արմատապես դանդաղ ոչնչացնելու տարբերակները, այլ նաև ուսումնասիրում էին միջազգային հանրության ուշադրությունն ու արձագանքը` նման երևույթների վերաբերյալ:
Բավական է նշել, որ Ադանայից հետո կոտորածի են ենթարկվել նաև հույները, բուլղարացիները, արաբները…
ArmAr.am












