Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը կմասնակցեն գերմանական կազմակերպությունները
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի եւ Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի նոյեմբերի 4-ի հանդիպմանը քննարկվել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման, ինչպես նաեւ Ասիական զարգացման բանկի եւ Համաշխարհային բանկի կողմից ներկայումս իրականացվող գյուղական ճանապարհների վերանորոգման ծրագրերը:
Գ. Սարգսյանը տեղեկացրել է, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման առաջին փուլի համար Ասիական զարգացման բանկը կտրամադրի 60 մլն ԱՄՆ դոլարի վարկային գումար: Շուտով կհայտարարվի առաջին փուլի համար նախագծային աշխատանքների մրցույթ, որից հետո` 3-4 ամսից, շինարարական կազմակերպության ընտրության միջազգային մրցույթ: Ճանապարհի շինաշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին:
Հանս-Յոխեն Շմիդթը նշել է, որ Գերմանիան ճանապարհների կառուցման գործում մեծ փորձ ունի եւ չբացառեց թե Հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ թե Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը նաեւ գերմանական կազմակերպությունների մասնակցությունը:
ArmAr.am












