Սերժ Սարգսյանը Քուվեյթում հայտարարել է, թե Ադրբեջանը շահարկում է կրոնական գործոնը
«Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ոչ բավարար տեղեկացվածությունը եւ Ադրբեջանի կողմից կրոնական համերաշխության գործոնի անտեղի ու անթույլատրելի շահարկումները հաճախ բերում են Իսլամական կոնֆերանս կազմակերպության կողմից ոչ ճիշտ որոշումների կայացման»,- այդ մասին հայտարարել է երկօրյա պետական այցով Քուվեյթում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ հանդիպման ընթացքում:
Սերժ Սարգսյանն ու Քուվեյթի Էմիրը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության, առկա խնդիրների ու հակամարտությունների լուծման գործընթացների շուրջ, մասնավորապես՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի եւ Արցախյան հիմնախնդրի էության ու բանակցային գործընթացի մասին:
Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Քուվեյթի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ եւ նրանց ներկայացրել իր մոտեցումները հայ-թուրքական եւ ղարաբաղյան գործընթացների վերաբերյալ:
ArmAr.am












