Գլխավոր » Լրահոս

Գնդապետ Գագիկ Հարությունյան. «Այլընտրանքային ծառայության մեկնողներ չկան»

Նոյեմբեր 5, 2009թ. 14:50

2003 թվականի դեկտեմբերի 17-ից Հայաստանում գործում է այլընտրանքային ծառայության մասին օրենքը, որով նախատեսված է երկու տեսակի ծառայություն` այընտրանքային զինվորական` զինված ուժերի ստորաբաժանումների ներսում և այլընտրանքային աշխատանքային` զինված ուժերի ստորաբաժանումներից դուրս: Այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 36 ամիս, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը` 42 ամիս: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին իրավունք ունի անցնելու այլընտրանքային ծառայության, եթե նրա կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ռազմական ստորաբաժանումներում պարտադիր զինվորական ծառայություն անցնելը, ինչպես նաև զենք կրելը, պահելը, պահպանելը և օգտագործելը: Այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարության Հանրապետական զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ, գնդապետ Գագիկ Հարությունյանն ասել է, թե այս տարվա աշնանային զորակոչին այլընտրանքային աշխատանքային և այլընտրանքային զինվորական ծառայության մեկնողներ չեն արձանագրվել:

«Այսօրվա դրությամբ այլընտրանքային ծառայության մեկնելու ցանկություն հայտնողներ չեն եղել, քանի որ օրենքը հստակ արձանագրում է, որ ցանկացողները պետք է դիմեն զորակոչային հանձնաժողովների ամեն զորակոչի նախօրեին` մինչև մարտի 1-ը և մինչև սեպտեմբերի 1-ը»,- ասաց գնդապետը:

Նշենք, որ աշնանային զորակոչը մեկնարկում է նոյեմբերի 9-ին:

Ըստ նրա, եղել են դիմողներ, ովքեր ցանկություն են հայտնել այլընտրանքային քաղաքացիական ծառայության անցնել, ինչը օրենսդրությունը չի նախատեսում:

Գ. Հարությունյանի տեղեկացմամբ, եղել է երկու զորակոչ երկու-երեք տարի առաջ, որոնցից մեկի ժամանակ 24, իսկ մյուսի ժամանակ` 2 հոգի այլընտրանքային ծառայության են մեկնել, որոնցից մեկը ծառայության կեսից ցանկություն է հայտնել անցնել պարտադիր զինվորական ծառայություն, իսկ ոմանք լքել են ծառայության վայրը: Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ, և դատական մարմինները օրենքի շրջանակներում որոշումներ են կայացրել:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն