Արմեն Մարտիրոսյան. «Ղարաբաղը տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիրն է»
Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ
-Պարոն Մարտիրոսյան, ո՞ր դեպքում «Ժառանգություն» խմբակցությունը կարող է կողմ քվեարակել հայ-թուրքական Արձանագրություններին։
-Կողմ քվեարկելը բացառվում է, սակայն… մենք դեռևս չենք հստակեցրել մեր վարքագիծը, թե ՀՀ խորհրդարանում արձանագրությունների քննարկմանը կամ քվեարկմանն, ընդհանրապես, կմասնակցե՞նք, թե՞ ոչ։ Հնարավոր է նաև, որ խորհրդարանի պատերից դուրս լինենք՝ այդ ձևով բոյկոտելով արձանագրությունների վավերացումը։
– Ձեր կուսակից ընկերները փաստում են, որ արձանագրությունների որոշ կետեր հակասում են ՀՀ Սահմանադրությանը, ո՞ր կետերը նկատի ունեք, ի՞նչ հակասության մասին է խոսքը։
-Հակասություններ կան՝ կապված Սահմանադրության նախաբանի հետ։ ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում է կատարվում Անկախության հռչակագրին, որում հստակ արձանագրված է Հայոց Ցեղասպանության փաստը։ Մինչդեռ այս արձանագրությունները կասկածի տակ են դնում Ցեղասպանությունը։ Վավերացնելով այդ արձանագրությունները` մեր իշխանությունները նպաստում են Ցեղասպանության միջազգային ճանաչման սառեցմանը։
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանի խորհրդարանը չվավերացնի արձանագրությունները։
-Ոչ։ Թուրքիայի խորհրդարանի կողմից դրանց վավերացումից հետո մեր իշխանություններին այլ բան չի մնա անելու, քան կատարել իրենց խոստումը` կապված դրանց շուտափույթ վավերացման հետ։
-Թուրքիայի խորհրդարանում ևս, կարծես թե, դեմ են արձանագրությունների վավերացմանը…
– Թուրքական ընդդիմությունն է դեմ դրանց վավերացմանը։ Նրանք այդ հարցը բարձրաձայնում են ոչ թե հայ-թուրքական, այլ թուրք-ադրբեջանական հարթության մեջ` այն կապելով Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։ Թուրքիայում տեղի ունեցող նմանատիպ քննարկումները ցույց են տալիս, որ մեր առաջին երկու հարցադրումները՝ սահմանների ճանաչումը և Ցեղասպանության խնդիրը, նրանք լուծված են համարում, հակառակ պարագայում այդ մասին ևս կբարձրաձայնեին, ուստի, նրանց համար միակ հարցը մնում է Ղարաբաղյան խնդիրը … Թուրք- ադրբեջանական կողմը կփորձի այս արձանագրություններից ստանալ առավելագույնը։ Այնպես որ, զիջելով մեր ռազմավարական դիրքերը, 21-րդ դարում կունենանք բաց սահման, որի դիմաց կվճարենք՝ ուրանալով մեր Ցեղասպանությունը, մեր հայրենազրկումը, մեր նախնիների տառապանքները։
–Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ։
-Միանշանակ անընդունելի է։ «Ժառանգություն» կուսակցությունը դրա մասին բազմիցս բարձրաձայնել է։ Որևէ մեկն իրավունք չունի հանդես գալու Լեռնային Ղարաբաղի անունից և որոշելու նրա սահմանները։ Մեզ համար միանշանակ է, որ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է, կայացել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան, ժողովրդավարական մակարդակով տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիրն է։ Իր անվտանգությունն ինքն է կարողանում ապահովել, ուստի որևէ մեկն իրավունք չունի այսօր հանդես գալ Լեռնային Ղարաբաղի անունից։
Հարցազրույցը՝ Գոհար Փիլթոյանի












