Գլխավոր » Լրահոս

Քյոլնում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր

Նոյեմբեր 5, 2009թ. 17:16

Գերմանիայի Քյոլն քաղաքում նոյեմբերի 6-27-ը կանցկացվեն Հայկական մշակույթի օրեր`«Գերմանիան եւ հայերը» խորագրով: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես» տեղեկատվական գործակալությունը: Նման մշակութային միջոցառումներ անցկացվում են արդեն 6-րդ տարին: Նախորդ տարի այդ օրերի շրջանակներում ներկայացվել են Թուրքիայի հայերի ստեղծած մշակութային արժեքները: Ինչպես «Արմենպրես»-ին են տեղեկացրել Գերմանիայում Հայկական եկեղեցու առաջնորդարանի մշակույթի հանձնախմբից, Հայկական օրերը սկսվում են հոբելյանական միջոցառմամբ. այս տարի Կոմիտաս Վարդապետի ծննդյան 140-ամյակն է, ուստի կներկայացվեն նրա կյանքն ու գործունեությունը: Մշակութային այդ միջոցառումների մեկնարկը կտրվի Գերմանիայում Հայ եկեղեցու առաջնորդ Գարեգին Բեգջյանի մասնակցությամբ եւ Կոմիտասի անվան երգչախմբի ելույթով: Հայկական օրերի շրջանակներում քյոլնցի գրող Դոգան Ականլին կներկայացնի զեկույց, որտեղ անդրադարձ է կատարված 1915 եւ 1945 թվականների իրադարձությունների ընդհանրություններին, այդպիսով նաեւ` հայ-թուրքական եւ գերմանա-հրեական պատմությունների ընդհանուր գծերին: Միջոցառումների շարքում նախատեսված է նաեւ ռեժիսոր Նինա Փոուրլակի «Ամեն ինչի մասին» ֆիլմի ցուցադրությունը, որում պատմվում է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ նրա մարզիչ Ուլի Վեգների համագործակցության մասին: Իսկ քյոլնցի կոմպոզիտոր Յարրի Սինգլան եւ նրա «Բլումենբայն-Տրիո»-ն երաժշտական «ճամփորդություն» կկատարեն դեպի Չինաստան, Ճապոնիա, Ուկրաինա, Հնդկաստան եւ Հայաստան: «Հայկական հետքերը Գերմանիայում» թեմայով Սբ. Պանտալեոն եկեղեցում կներկայացվի զեկույց. հենց այդ եկեղեցում է թաղված ազգությամբ հայ գերմանական կայսրուհի Թեոֆանուն: Իսկ Քյոլնի Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցում կմատուցվի պատարագ: Ինչպես միշտ, հայկական օրերը կեզրափակվեն գրական երեկոյով: Հայտնի դրամատուրգ եւ թարգմանիչ Քոնրադ Քուհնը կներկայացնի իր նոր գիրքը բանաստեղծ Եղիշե Չարենցի մասին եւ կասմունքի: Նշենք, որ Գերմանիայում ներկայում ապրում է շուրջ 40 հազար հայ: Նրանց ամենամեծ համայնքը Քյոլնում է, որտեղ գտնվում է նաեւ Գերմանիայում հայկական եկեղեցու առաջնորդարանը` Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցով:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն