Հայ երգիչները ֆինանսավորվում են Թուրքիայի՞ց
Մեր երգարվեստում այսօր մեծ թիվ են կազմում այն երգիչները, ովքեր զբաղված են հիմնականում թուրքական երաժշտության քարոզով: Քարոզչությունը տարվում է տարբեր ճանապարհներով: Դրանցից մեկն էլ, պարզվում է, այն է, որ այսօր որոշ ռաբիս երգիչներ ֆինանսավորվում են Թուրքիայից և սերտ կապեր ունեն թուրքերի հետ: Այս մասին ArmAr-ին հայտնեց կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, սակայն նախընտրեց անուններ չթվել:
«Այսօր չկա մի արվեստագետ, սովորական քաղաքացի, որի համար ընդունելի լինի մեր երգարվեստում տիրող վիճակը: Նույնիսկ երիտասարդներն են բողոքում: Այսօր «աստղ» կոչվողների մեծ մասին ոչ ոք լսել չի ուզում: Ավելին` անգամ այդ «աստղերին» դուր չի գալիս իրենց երգածը: Հաճախ անհասկանալի երաժշտությունը ներկայացնում են որպես հանրության պահանջարկ, սակայն ոչ ոք չի ասում` ո՞վ է այդ պահանջը ներկայացնողը: Թող փորձեն մարդիկ դուրս գալ փողոց և հարցում անցկացնել ու կտեսնեն, թե ովքեր են այդ թուրքական երաժշտություն լսողները: Մինչ թուրքերը լսում և երգում են Կոմիտաս, մեր երգիչները շարունակում են թուրքերեն երգը թարգմանել հայերեն և ներկայացնել որպես հայկական: Ոմանք երևույթը բնական են համարում, սակայն դա ոչ թե բնական երևույթ է, այլ` այլասերում: Սա լուրջ խնդիր է և պետք է մտահոգի անգամ Կրթության և գիտության նախարարությանը, քանի որ խեղաթյուրվում է հայի ինքնությունը: Այսօր մեր հեռուստաընկերությունները զբաղված են հայ հասարակության, երիտասարդ սերնդի մեջ` թուրքական ու աֆրիկյան ոգի, ճաշակ, մշակույթ ներմուծելով: Այս ամենի իրական պատճառը պտտվող գումարներն են: Վերջերս ինձ ասացին, որ հայկական որոշ հեռուստաընկերություններ ֆինանսավորվում են Թուրքիայից և հստակորեն զբաղված են թուրքական երաժշտության ու մշակույթի քարոզով»:
Արմենուհի Կարեյան












