Գլխավոր » Լրահոս

Հակաիսրայելական գործողությունները Թուրքիայում շարունակվում են

Նոյեմբեր 5, 2009թ. 10:00

Անկարայում Իսրայելի դեսպան Գաբի Լևինը հերթական անգամ ոչ բարեհաճ ընդունելության է արժանացել: Սևծովյան տեխնիկական համալսարան այցելած դեսպանին ուսանողները դիմավորել են հակաիսրայելական բողոքի ցույցով: Իսրայելցի դիվանագետի անվտանգությունն ապահովելու համար օգնության են հասել Թուրքիայի անվտանգության ուժերը, որոնք ձերբակալել են 24 ուսանողի և ցրել  համալսարանի մոտ հավաքվածներին:

Պետք է շեշտել, որ հակաիսրայելական նման միջոցառումները Թուրքիայում  հաճախակի բնույթ են կրում: Գաբի Լևինը խոստովանել է, որ այս շաբաթ Թուրքիայի Ռիզեն քաղաք կատարած այցի ընթացքում քաղաքապետի հետ հանդիպումն ընթացել է բավականին լարված մթնոլորտում: Քաղաքապետը Իսրայելին մեղադրել է զավթողական քաղաքականություն վարելու մեջ:  Դեսպանին անհանգստացրել է թուրք պաշտոնյայի նման վերաբերմունքը: Ներկա պահին Իսրայելը ջանքեր է գործադրում թուրք-իսրայելական լարված հարաբերությունները մեղմելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև ճգնաժամը սկսվել է 2009 թ. փետրվարի դավոսյան հայտնի իրադարձությունից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Իսրայելին մեղադրեց պաղեստինցիների նկատմամբ ոճրագործություն իրականացնելու մեջ: Դրանից հետո իսրայելա-թուրքական ճգնաժամը օրեցօր խորանում է: Այս տարի կտրուկ նվազել է Թուրքիա այցելող իսրայելցի զբոսաշրջիկների թիվը:  Իսկ վերջերս թուրքական TRT հեռուստաալիքի կողմից ցուցադրվող հակաիսրայելական ուղղվածությամբ «Բաժանում» սերիալը լուրջ քննադատության է ենթարկվել Իսրայելում: Նույնիսկ Թել Ավիվի որոշ սրճարաններ հրաժարվել են վաճառել թուրքական սուրճը:

Իսրայելցի պաշտոնյաները մի քանի անգամ խորհուրդ են տվել Թուրքիայի նախագահին և վարչապետին չափավոր լինել իրենց հայտարարություններում: Մինչդեռ վերջիններս անտեսում են նախազգուշացումները:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն