Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական

Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի միջև սեպ խրելու միֆը վերջնականապես կոտրվեց

Նոյեմբեր 6, 2009թ. 13:55

Aliev-GiulՎահրամ ՄԻՐԱՔՅԱՆ

«Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի հետ և չի խնայի ոչ մի ջանք ադրբեջանական զինուժի զարգացման համար»,-մի քանի օր առաջ Ադրբեջանում հայտարարեց Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Իշիկ Քոշաները[1]: Իսկ Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ուժային կառույցների միջև համագործակցությունը վերջերս բարձրացել է նոր մակարդակի:

Նախքան Ադրբեջանի ներքին գործերի նախարարի հետ հանդիպելը, Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարը հանդիպել էր նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ: Բոլոր հանդիպումների ժամանակ շեշտվում էր թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության և եղբայրական հարաբերությունների խորացման թեման[2]: Այս ամենի մեջ կարևոր է նկատել մի հանգամանք ևս. ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը և Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարը քննարկել են իրադրությունը Հարավային Կովկասում և հայ-ադրբեջանական հակամարտության լուծման ուղիները[3]:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևն ու Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը ստորագրել են ռազմավարական համագործակցության պայմանագիր, ըստ որի Ադրբեջանը չի կարող առանց Թուրքիայի համաձայնության ընդունել ռազմական գործողություններ սկսելու որոշումներ, իսկ Թուրքիան երաշխավորում է Ադրբեջանի անվտանգությունը նրա դեմ ցանկացած ագրեսիայի պարագայում` ցուցաբերելով ռազմական ու քաղաքական աջակցություն: Այսպիսով Ադրբեջանի ռազմաքաղաքական պոտենցիալը վերածվել է թուրքական բանակի «արևելյան ճակատի»։  Ներկայումս թուրքական 230-ից ավելի հրահանգիչները տեղաբաշխված են Ադրբեջանական բոլոր գնդերում[4], իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի պաշտոնը ավանդաբար զբաղեցնում են թուրք գեներալները։

Այսքանով հանդերձ, ինչո՞վ էին առանձնահատուկ թուրք-ադրբեջանական ռազմական ղեկավարության վերջին հանդիպումները:

  1. Ադրբեջան էր եկել Թուրքիայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ Հարավային Կովկասում սպասվող փոփոխությունների նախաշեմին (հայ-թուրքական սահման բացում, Արցախի հարցի բուռն քնարկումներ):
  2. Հանդիպումներն ընթացան հայ-թուրքական արձանագրությունների` Թուրքիայի մեջլիսում քննարկումից հետո և անցան շատ ջերմ մթնոլորտում, ինչն ապացուցում է, որ Հայաստանի որոշ քաղաքական ուժերի և վերլուծաբանների ոգևորությունը, թե հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը սեպ է խրել Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ անհիմն միֆ է և թուրք-ադրբեջանական հերթական ապակողմնորոշիչ տեղեկատվական քաղաքականության հետևանք:
  3. Հանդիպումները տեղի ունեցան Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունից հետո, որով նա ասաց, թե ՀՀ նախագահի ԼՂՀ որոշ շրջաններ այցը հնարավոր է վերջինը կլինի:
  4. Ըստ պաշտոնական տեղեկատվության, Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության լուծման ուղիները: Հայ-ադրբեջանական հակամարտության լուծման ի՞նչ ուղիներ պետք է քննարկեն Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ղեկավարները…

Ցավով պետք է նկատել, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ղեկավարության նման մակարդակի հանդիպումներն ու այցելությունները հայկական տեղեկատվական դաշտում մնացին աննկատ և  լուսաբանվեցին խիստ մակերեսայնորեն, ինչը կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ. ՀՀ պետական քարոզչությունը հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների ամենամեծ հաջողություններից էր համարում «թուրք-ադրբեջանական լարվածությունը», իսկ թուրք-ադրբեջանական նման մակարդակի հանդիպումները բացահայտում են ՀՀ պետական տեղեկատվական քաղաքականության ապակողմնորոշիչ ուղղվածությունը:

Քանի որ թուրք-ադրբեջանական «սեպը» լուսաբանվում էր հիմնականում ադրբեջանական և թուրքական սկզբնաղբյուրներից տարածված տեղեկատվության հիման վրա՝ կարելի է եզրակացնել, որ Թուրքիան և Ադրբեջանը տեղեկատվական քաղաքականությունն իրականացնում են համատեղ, իսկ հայկական ԶԼՄ-ները մեծ ոգևորությամբ «կերան թուրք-ադրբեջանական կուտը» և դրոշների պատմությունն ու «մեկ ազգ, երկու պետությունների», միմյանց նկատմամբ հանդիմանական ելույթները ներկայացրեցին որպես հայ դիվանագիտության հաղթանակ:


[1]Day.az, Турецкий генерал: «Турция не будут жалеть усилий для развития вооруженных сил Азербайджана»

[2] Day.az, Сафар Абиев принял командующего сухопутными войсками Турции

[3] Նույն տեղում:

[4] Իգոր Մուրադյան, «ՔՅՈՌՕՂԼԻ» ՆԱԽԱԳԻԾԸ, www.idefacto.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն