«ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ հարաբերությունները չի դիտարկում` որպես մրցակցություն Ռուսաստանի հետ»
«ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ հարաբերությունները չի դիտարկում` որպես մրցակցություն Ռուսաստանի հետ: Կարևորն այն է, որ Հայաստանի ղեկավարությունը հնարավորություն ունի ընտրել այն կառույցը, որի հետ ցանկանում է համագործակցել»,- այսօր հայտարարեց Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:
Նա լրագրողներին տեղեկացրեց, որ Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեխնիկական օժանդակություն է խնդրել սահմանային այն հատվածների պահպանման համար, որտեղ Հայաստանն ինքնուրույն է իրականացնում հսկողությունը, հատկապես դա վերաբերում է հայ-վրացական հատվածին: (Հայ-թուրքական սահմանին ՆԱՏՕ-ն զորքեր չունի): Պարոն Սիմոնսը շեշտեց, որ սահմանային հարցերում համագործակցությունը կլինի միայն տեխնիկական օգնության տեսքով` պայքարելու համար մաքսանենգության և ահաբեկչության դեմ:
Համագործակցություն է ծավալվել նաև ՆԱՏՕ-ի և Հայաստանի զինված ուժերի միջև, որի ընթացքում «ՆԱՏՕ-ն կաջակցի Հայաստանի կառավարությանը պաշտպանական կառույցների բարելավման հարցում, մանավորապես, քաղաքացիական կադրերի ներգրավմանը Պաշտպանության նախարարության զինված ուժերում, և կօգնի նախարարության կարևորագույն ռազմավարական փաստաթղթերի մշակման գործում»:
Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցության շրջանակներում կստեղծվի նախարարության ենթակայության ներքո գործող հակաճգնաժամային արձագանքման կենտրոն:
Սիմոնսը խորին երախտագիտություն հայտնեց հատկապես ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ գործողություններին աջակցելու համար: Նշենք, որ մյուս տարի Հայաստանից Աֆղանստան կմեկնի 30 զինվորական:
Ինչ վերաբերում է հայ–թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացին, ապա Ռոբերտ Սիմոնսի խոսքերվ, տնտեսական առումով այն կօգնի Հայաստանին ոչ միայն Թուրքիայի հետ առևտրի աշխուժացման հարցում, այլ նաև սեփական ապրանքներն ու ծառայությունները Թուրքիայի տարածքով արտահանելու համար: Իսկ քաղաքական առումով այն դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային խնդիրների լուծման վրա:
Ռոբերտ Սիմոնսը նաև տեղեկացրեց, որ հաջորդ տարի Հայաստանը կհյուրընկալի ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների մասնակցությամբ անցկացվող զորավարժությունները:
ArmAr.am












