Գլխավոր » Լրահոս

ՀՅԴ-ում չի քննարկվել նոր թեկնածուի հարցը

Նոյեմբեր 6, 2009թ. 16:38

Գործարար Խաչատուր Սուքիասյանի հրաժարականից հետո թափուր մնացած պատգամավորական մանդատի համար պայքարը շարունակվում է:

Թիվ 10 ընտրատարածքում ընտրությունները տեղի են ունենալու հունվարի 10-ին, իսկ մինչ այդ լայնորեն քննարկվում են նախընտրական գործընթացները, գրանցվում են նոր թեկնածուներ:  Ընտրական տարածքում նշանակված լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է նաև «Ազգային միաբանություն» կուսակցությունից Արա Սիմոնյանը: Այդ մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տաթև Օհանյանը:

Գրանցված թեկնածուները նախընտրական ելույթներ են ունենում` փորձելով հասարակությանը ներկայացնել սեփական դիտարկումներն ու մոտեցումները:

Պատգամավորության թեկնածու Դավիթ Հակոբյանն, օրինակ, որոշել է մանդատն «ազգի մեջ գաղափարական բեկում մտցնելու» նպատակին  ծառայեցնել, քանի որ դա «համայն հայության պատվերն է»: Այդ «պատվերի» իրականացման համար մարքսիստին անհրաժեշտ են արդար ընտրություններ, իսկ եթե իշխանությունները խոչընդոտեն, Հակոբյանն ուղղակի կհեռանա «թե՛ երկրից, թե՛ քաղաքականությունից»:

Օրեր առաջ  ընտրապայքարից հրաժարվեց ՀՅԴ-ից Ռաֆայել Այվազյանը: Այս առթիվ ArmAr.am-ի լրագրողին պարզաբանումներ էր ներկայացրել ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը` մի հետաքրքիր շեշտադրում անելով, թե ՀՅԴ-ն չի առաջադրել  Ռաֆայել Այվազյանի թեկնածությունը, հետևաբար. «Նրա առաջադրման կասեցումը, համոզված եմ, կուսակցության կարգապահության շրջանակներում իրականացված գործողություն է»: Նա նաև տեղեկացրել էր, որ Դաշնակցությունն, այդ առումով, պարտաճանաչ և համախմբված քաղաքական ուժ է։ Եվ եթե առանց համաձայնեցման գործողություն ես կատարում, առնվազն պետք է գիտակցես դրա հետևանքները։

Իսկ թե կուսակցությունն ի՞նչ նոր թեկնածու կառաջադրի, Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ,  դա դեռ պետք է քննարկվի առաջիկա օրերին, որից հետո միայն կկայացվի որոշում, իսկ  կուսակցությունը  հանդես կգա հայտարարությամբ։

Քիչ առաջ ArmAr.am-ին  ՀՅԴ գերագույն մարմնից փոխանցեցին, որ Դաշնակցությունը ոչ նիստ է գումարել, ոչ էլ քննարկել է որևէ մեկի թեկնածության հարցը: Իսկ հարցը, թե հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն առհասարակ հրաժարվի մասնակցել ընտրապայքարին, մնաց անպատասխան:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն