Արա Սաղաթելյան. «Քանի դեռ ամենը համաձայնեցված չէ, ուրեմն, ոչինչը համաձայնեցված չէ»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանն ասել է, թե` իրենց կենտրոնի կողմից դիտարկվել և մշակվել են որոշակի գործողություններ, որոնք կապված են ՀՀ պետական քաղաքականության պատշաճ տեղեկատվական սպասարկման հետ։ Հատկապես մեծ ուշադրություն է դարձվել համացանցին. «Քանի որ համացանցը ուշադրության կենտրոնում է, մեր կողմից մշակվել են աշխատանքային որոշակի մեթոդներ»:
Արա Սաղաթելյանը նաև լրագրողներին տեղեկացրել է, որ «ՌԻԱ-Նովոստի» ռուսական լրատվական գործակալության նախաձեռնությամբ դեկտեմբերին Մոսկվայում կկազմակերպվի ԱՊՀ անդամ երկրների լրատվամիջոցների համաժողով, որի ժամանակ կքննարկվեն տպագիր մամուլի տպաքանակի անկմանը, ԶԼՄ-ների հանդեպ հանրային վստահությանը եւ այլ խնդիրների վերաբերող հարցեր:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե պետական քարոզչության նպատակնե՞ր է հետապնդում այն, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցի մասին խոսելիս տարբեր իշխանական քաղաքական գործիչներ ասում են` ազատագրված տարածքները պետք է հանձնվեն, Արա Սաղաթելյանը պատասխանել է. «Խոսքը տարածքներ հանձնել–չհանձնելու մասին չէ, և պետական քարոզչության տարր «տարածքներ հանձնել» բառակապակցության մեջ ես չեմ տեսնում: Որքան գիտեք, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այսօր կարգավորվում է Մադրիդյան սկզբունքների շուրջ։ Դրանք պարունակում են շուրջ 16 կետ։ Մադրիդյան սկզբունքների շուրջ աշխատանքն ընթանում է «քանի դեռ ամենը համաձայնեցված չէ, ոչինչը համաձայնեցված չէ սկզբունքով։ Մինչ օրս քննարկվել է 1-ին կետը։ Կարծում եմ՝ իմ մեսիջը բոլորին պարզ էր», – եզրափակել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը։
ArmAr.am












