Գլխավոր » Իրան, Լրահոս

Ահմեդինեջադի ելույթը մարտահրավեր էր` ուղղված ԱՄՆ-ին

Նոյեմբեր 7, 2009թ. 12:15

AhmedinejadԻրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեջադը Թեհրանից ուղիղ եթերով հարցազրույց է տվել թուրքական TRT և NTV հեռուստաալիքներին:

Ահմեդինեջադը, պատասխանելով լրատվամիջոցներին ուղղած  հարցերին, ասել է, որ միջազգային ասպարեզում հաստատվել են նոր հարաբերություններ ու պայմաններ, որ իրողությունը թևակոխել է մարդասիրական, մշակութային ու բարոյականության դաշտ: Ըստ նրա, այժմ հարաբերությունների  զարգացում է սպասվում հիմնականում այն երկրների միջև, որոնք ունեն մշակութային և քաղաքակրթության խոր արմատներ: Ավելին,  Իրանի նախագահը Թուրքիային ևս դասել է այդ երկրների շարքին և շեշտել, որ ոչ թե Անկարան, այլ Եվրամիությունը պետք է խնդրի Թուրքիային անդամակցել իրեն, քանի որ վերջինս, Իրանի նախագահի կարծիքով, կբարձրացնի կառույցի հեղինակությունը: Միաժամանակ նա կոչ է արել Թուրքիային` էլ ավելի մերձենալ Արևելքի հետ, սակայն չխզել կապերը Արևմուտքի հետ:

Ինչ վերաբերում է Իրանում միջուկային ծրագրի շուրջ տարվող աշխատանքներին, նախագահը պատասխանել է, որ ցանկացած երկիր իրավունք ունի ունենալու միջուկային էներգիա, և որ այս հարցը քննարկման ենթակա չէ:

Մահմուդ Ահմեդինեջադը հայտարարել է, որ մահմեդական երկրները պետք է միասնական լինեն և աջակցեն միմյանց: Ըստ նրա, Թուրքիան, Իրանը, Եգիպտոսը, Պակիստանը, Բանգլադեշը, Նիգերիան, Մալազիան և Ինդոնեզիան, որոնք ունեն մեծաքանակ բնակչություն ու խոշոր տնտեսություն, համագործակցության դեպքում կարող են ստեղծել տնտեսական շուկա, որն էլ կապահովի նրանց շահույթը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ թուրքական պատվիրակության Իրան կատարած այցի ընթացքում երկու երկրների միջև գազի արդյունահանման և իրացման վերաբերյալ մի շարք համաձայնագրեր ընդունվեցին, մասնավորապես, իրանական գազի Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա տարանցման վերաբերյալ:

Ահմեդինեջադի այս ելույթն իր հերթին մեկ անգամ ևս փաստում է Թուրքիա-Իրան հարաբերությունների ջերմացման մասին: Նկատենք, որ Իրանի նախագահի կողմից նման բովանդակությամբ հարցազրույց կազմակերպվեց Թուրքիայի վարչապետ Էրդողանի` ԱՄՆ կատարելիք այցից ընդամենը մեկ օր առաջ: Քաղաքագետների գնահատմամբ, այս  հարցազրույցը նախևառաջ մարտահրավեր է ԱՄՆ-ին: Այսքանից հետո, թե ի՞նչ ընթացք կստանա  Էրդողան-Օբամա հանդիպումը, ինչպե՞ս Թուրքիայի վարչապետը կարդարացնի Թուրքիայի` Իրանին մերձենալու և հակառակը` Իսրայելի   դեմ իր երկրի կողմից իրականացվող հակաիսրայելական քայլերը, պարզ կլինի վաղը` Վաշինգտոնում  սպասվող հանդիպումից հետո:   Իսկ մինչ այդ  ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնն իր  հայտարարությամբ Թուրքիային հասկացրել է, որ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ այլ երկրների համար Իրանի հետ «նորմալ բիզնես վարելու ժամանակը չէ»:

ArmAr.am


Դիտել Իրան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն