Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ, Ջավախք

Ջավախքահայության խնդիրն օրըստօրե վերաճում է ճգնաժամի

Նոյեմբեր 7, 2009թ. 12:56

Sevak ArtcruniՀարցազրույց Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» ՀԿ միության խորհրդի նախագահ Սևակ Արծրունու հետ

Ի՞նչ մտահոգություններ ունեք՝ կապված հայթուրքական արձանագրությունների հետ։

-Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված արդեն առիթ ունեցել եմ ներկայացնելու իմ անձնական տեսակետները: Սակայն վերջին դեպքերն անվիճելի դարձրին մի նոր փաստ, այն է` թուրքական քաղաքական շրջանակները չեն պատրաստվում հաշվի նստել տարածաշրջանում հայկական տարրի կայացման փաստի հետ: Այսինքն, հայ-թուրքական հարաբերությունների վերաաշխուժացման այս գործընթացը  թուրքական քաղաքականությունը փորձում է օգտագործել Հայաստանը մեկուսացող նոր միջոցներ ստեղծելու նպատակով: Կարծում եմ` մեր պատասխանը նման քաղաքականությանը միանշանակ կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ. «Հայությունն ի վիճակի չէ ո’չ ժողովրդագրական և ո’չ էլ տարածքային նոր կորուստներ կրելու»: Արցախի տարածքային ամբողջականությունը, որպես սակարկման առարկա, չի կարող հայտնվել հայ-թուրքական բանակցությունների շրջանակներում: Նույն տրամաբանությամբ, հայությունը չպետք է նահանջի Ջավախքի հայապահպանության ապահովման խնդրում:

Սա, կարծում եմ, հասկանում է մեզանից յուրաքանչյուրը:  Հայաստանում կամ սփյուռքում մեկնաբանությունների արտահայտման ոճը զտելու և քաղաքական շահարկումների տարբերությունները չեզոքացնելու դեպքում կտեսնենք,  որ հայությունը մեկ մարդու նման, ի վերջո, այս միտքն է արտահայտում:

Հայվրացական հարաբերություններում ի՞նչ քայլեր պետք է անեն Հայաստանի իշխանությունները՝ ջավախքահայության խնդիրները վրաց իշխանությունների կողմից առավել լսելի դարձնելու համար։

-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին ջավախքահայության խնդիրներին վերաբերող անդրադարձով նշեց այն ուղենիշները, որոնց վրա այսուհետ կառուցվելու է Հայաստանի քաղաքականությունը՝ Վրաստանի հայաբնակ շրջանների նկատմամբ:

«Երկիր» միությունն անմիջապես արձագանքեց այդ հայտարարությանը` ողջունելով այն և նշելով, որ ՀՀ նախագահի կողմից առաջարկված քայլերը` հայերենը Վրաս­տա­նում մարզային լեզու ճանաչելը, Հայկական առաքելական սուրբ եկե­ղեցու գրան­ցումն ապահովելը, Վրաստանի հայ­կական հուշարձանների պահ­պան­մանն ուղղված քայլեր ձեռնարկելը, ուղղակիորեն համահունչ են միջազգային հանրության կողմից Վրաստանի կառավարությանն ուղղված  հանձնարարականներին:

Վիրահայության և ջավախքահայության խնդիրները արդեն դարձել են ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային խնդիրներ, մնում է միայն մշակել դրանց լուծման մեխանիզմները: Դրանք կարող են լինել հայ-վրացական միջկառավարական հանդիպումների ընթացքում խնդիրներ բարձրացնելը, համատեղ ծրագրեր իրականացնելու առաջարկները, վիրահայկական և ջավախքյան ՀԿ-ներին աջակցություն ցուցաբերելը, կրթական և այլ բնույթի ծրագրերի իրականացումը և այլն: Կարևորն այն է, որ ջավախքահայությունը համոզվի, որ ՀՀ նախագահի հայտարարությունն ապահովված է կոնկրետ քայլերով ու ծրագրերով, որոնց իրականացման պարագայում ՀՀ իշխանությունները կլինեն «նրբանկատ, բայց

հետևո­ղական և սկզբուն­քային»:

Ո՞րն է ջավախքահայության ամենագլխավոր խնդիրն այսօր. ի՞նչ լուծումներ է ենթադրում այն։

-Ջավախքահայության ամենագլխավոր խնդիրը վրացական իշխանությունների պառակտողական, վախի, անտարբերության և հիասթափության սփռման, ոստիկանական հալածանքների քաղաքականության դեմ դիմադրության մեխանիզմների մշակումն է: Ջավախքահայությունը պետք է ավելի համարձակ լինի միջազգային հանրությանն իր խնդիրների քաղաքակիրթ ներկայացման գործում, չպետք է թույլ տա, որ իր անունից խոսեն և իրավիճակը վերահսկեն վրացական իշխանությունների կողմից ուղղորդվող անձինք:

Իհարկե, վրացական իշխանությունները գիտակցում են ջավախքահայության ինքնակազմակերպման վտանգը և կոնկրետ գործողություններով փորձում են ոչնչացնել այդ դրսևորումները: Այդ պատճառով Հայաստանն ու Սփյուռքը պետք է հնարավորինս խստագույն կերպով արձագանքեն ջավախքահայության պառակտմանը, նրա քաղաքական առաջնորդների չեզոքացմանն ուղղված վրացական քաղաքականության դրսեւորումներին: Ինչ վերաբերում է այդ գործընթացներին հլու հնազանդ ծառայող վրացահայ և ջավախքահայ պաշտոնյաներին, ապա ժամանակն է, որ հայությունը համապատասխան գնահատական տա և վերաբերմունք որդեգրի այդ անձանց նկատմամբ:

Ինչպե՞ս կարելի է դիմագրավել Վրաստանի իշխանությունների գերագույն նպատակին` Ջավախքի հայաթափմանը։

-Ջավախքահայությունն առաջին հերթին պետք է գիտակցի, որ ինքն է իր խնդիրները լուծողի դերում։ Պետք է ձերբազատվի այն պատրանքից, որ առանց իր մասնակցության հնարավոր է վրացական իշխանություններին և միջազգային հանրությանը պարտադրել՝ հարգելու ջավախքահայության իրավունքները: Բնականաբար, Հայաստանի և սփյուռքի կառույցները պարտավոր են բազմապատկված ուժերով աջակցել ջավախքահայությանը, կոշտ և գործուն միջոցներ ձեռնարկել վրացական իշխանությունների կողմից ջավախքահայ գործիչների նկատմամբ ձեռնարկվող քայլերի դեմ:

Հասկանանք, ի վերջո, որ վրացական իշխանությունների ջավախքահայության նկատմամբ այս «խուլիգանական» վերաբերմունքը կարող է հանգեցնել նրան, որ ջավախքահայությունը ստիպված է լինելու դիմել պատասխան հակաքայլերի, որը կստեղծի իրերի բոլորովին այլ ձևաչափ:

Հայաստանն ու Սփյուռքն ինչքան էլ դժվար կացության մատնված լինեն, այնուամենայնիվ, չեն կարող հանդուրժել այն ճակատագիրը, որը սպառնում է Ջավախքին՝ վրացական նմանատիպ քաղաքականության շարունակության դեպքում: Հայությունը չի հանդուրժելու ջավախքահայության արտագաղթի միտումնավոր խորացմանը և ջավախքահայության ուծացմանն ուղղված վրացական իշխանությունների քայլերը, որովհետև հայաբնակ Ջավախքի կորուստը, նաև Հայաստանի անվտանգության առումով, հղի է լուրջ հետևանքներով։ Մենք  հայտարարել ենք և մեկ անգամ ևս շեշտում ենք, որ նման իրավիճակը առաջին հերթին վտանգում նաև Վրաստանը։ Սահակաշվիլու վարչակարգը՝ ջավախքահայության նկատմամբ իր որդեգրած քաղաքականությամբ, ավելի քան ապակայունացնում է իր երկիրը։ Լինելով էթնիկ փոքրամասնություններից կազմված բազմազգ պետություն, նման իրավիճակում, երբ վարչարարող կենտրոնական մարմինները զլանում են հաշվի նստել այդ փաստի, երկիրը ենթակա է պառակտման: Այս իմաստով, կասկածից դուրս պետք է լինի այն փաստը, որ Վրաստանի իշխանությունների նման գործելաոճի արդյունքն ի վերջո կլինի այն, որ Ջավախքը կհետևի Հարավային Օսիայի և Աբխազիայի օրինակին:

Ե՞րբ հանգուցալուծում կստանա Վ. Չախալյանի «դատավարությունը»։

-Կարելի է ասել, որ Չախալյանի դատավարությունն արդեն «հանգուցալուծված է»: Հանգուցալուծված է այն առումով, որ հոկտեմբերի 30-ին Վրաստանի վերաքննիչ դատարանի կողմից ջավախքահայ քաղաքական գործչի 10 տարվա ազատազրկման դատավճիռը վերահաստատելուց հետո, զուտ իրավական հարթության վրա այլևս քիչ անելիք է մնում։ Հաջորդ քայլը Վրաստանի գերագույն  դատարան դիմելն է: Թե ինչպիսին կլինի դրա վճիռը, գրեթե պարզ է։ Դրանից հետո արդեն պետք է դիմել Եվրոպական դատարան:

Վրացական իշխանությունների կողմից ջավախքահայ ակտիվիստի նկատմամբ քաղաքական այս որոշումը շատ դժվար, գրեթե անհնարին է բեկանել զուտ իրավական հարթության վրա: Անհրաժեշտ են քաղաքական ճնշման գործողություններ` Ջավախքում, Հայաստանում, Սփյուռքում, ճնշում՝ միջազգային կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների վրա, որպեսզի նրանք առավել ակտիվ կերպով հանդես գան ի պաշտպանություն ջավախքահայ գործչի։ Անհրաժեշտ է ճնշում գործադրել Վրաստանի գործընկեր-պետությունների իշխանությունների վրա, որպեսզի նրանք ևս փորձեն ազդել վրացական իշխանությունների անպատասխանատու և անհեռանկարային քաղաքականության վրա:

Առանց այս բոլոր քայլերի զուտ իրավական հարթության մեջ որևէ դրական լուծում ակնկալելն անհնարին է:

Այսօր պարզ է, որ վրացական իշխանությունների Վահագն Չախալյանին տասը տարվա ազատազկման դատապարտելու որոշումը բացարձակապես քաղաքական է, մեղադրանքներն էլ` շինծու: Վահագն Չախալյանի և իր ընտանիքի նկատմամբ տարվող քաղաքական դատավարության կարևորագույն և ամենահատկանշական արդյունքը եղավ այն, որ միջազգային հանրությունը գիտակցեց, որ Վրաստանի, այսպես կոչված, «ժողովրդավարական վարչակարգը» ամենաբիրտ եղանակներով ոտնահարում է հայ փոքրամասնության իրավունքը: Միջազգային հանրությանը պարզ դարձավ, որ կա ջավախքահայության խնդիր, որն օրըստօրե վերաճում է ճգնաժամի:

Հարցազրույցը՝ Գոհար Փիլթոյանի


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ, Ջավախք բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն