Գլխավոր » Լրահոս

Շտապօգնությունն օգնության կարիք ունի

Նոյեմբեր 7, 2009թ. 14:01

Շտապօգնության ծառայության վիճակի մասին, հատկապես մարզերում, խոսելն ավելորդ է, քանի որ շատ դեպքերում այն համարյա չկա։ Ասել, որ այս մասին ՀՀ առողջապահության նախարարությունում չգիտեն, սխալ կլինի։ Ավելին՝ դեռևս 2008թ. առողջապահության նախարարության նախաձեռնությամբ մշակվեց շտապ բուժօգնության համակարգի արդիականացման համալիր ծրագիր։ Ծրագրում ներառվում էր 5 գլխավոր կետ. ավտոպարկի թարմացում, բուժսարքավորումներով համալրում, կապի համակարգի արդիականացում, կադրերի վերապատրաստում, շենքային պայմանների բարելավում։ Այս ծրագիրը նախարարության կողմից ներկայացվեց ՀՀ կառավարություն, սակայն… ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով չիրագործվեց։ Ծրագիրը տեղ չգտավ նաև 2010թ. բյուջեում, քանի որ «2010թ. բյուջեն ևս լարված է»։

«Երևանի շտապբուժօգնություն» ՊՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանը, ով նշյալ ծրագրի մշակման աշխատանքային խմբում էր, նշեց, որ նախարարությունը նույնպես կարևում է ծրագրի իրագործումը, սակայն այն միայն մեքենաների ձեռքբերում չէ. այս ծրագրի իրականացման համար մոտավոր հաշվարկներով 15մլն դոլար է անհրաժեշտ։

Եվ քանի որ առայժմ մեր հանրապետության բյուջեն հնարավորություններ չունի այդ ծրագիրը իրագործելու, հույսը նորից միջազգային կազմակերպություններն են։ Ա. Պետրոսյանից տեղեկացանք, որ  Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել հաջորդ վարկային ծրագրում ընդգրկել Հայաստանի առողջապահության համակարգի արդիականացման վարկավորումը։  2010թ. ՀԲ-ի կողմից նախատեսվում է ստեղծել փորձաքննական հանձնաժողով, որը նշյալ ծրագիրը փորձաքննության կենթարկի: Մեծ հավանականություն կա, որ այն կընդգրկվի ՀԲ ծրագրում։

Բյուջեն լարված է, ֆինանսական հնարավորությունները` սուղ։ Այդ սղությունը «կոտրվում» է այնպիսի մի խնդիր լուծելու վրա, որը կապված է մարդկային կյանքի հետ։ Բյուջեն լարված է… Իսկ որքա՞ն են լարված ու պրկված այն մարդկանց նյարդերը, երբ շտապօգնության ծառայության վատ կամ չեղած աշխատանքի պատճառով կորցնում են անվերադարձելին։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն