Գլխավոր » Լրահոս

Արծվիկ Մինասյան. «Այսպես չենք կարող ականազերծել ոչ դաշտը, ոչ էլ հասնել մեր նպատակներին»

Նոյեմբեր 7, 2009թ. 16:18

Artcvik MinasyanArmAr.am-ի թղթակցի  հարցին, թե՝ սահմանը բացելու դեպքում տնտեսական առումով ի՞նչ դիրքում կհայտնվի Հայաստանը, ի՞նչ կշահենք և ի՞նչ կկորցնենք դրանից, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց.

«Դաշնակցության կողմից կատարված  խորքային տնտեսական վերլուծություններում, որը  ներկայացվել է ՀՀ կառավարությանը, հստակ թվարկված են  այն 53 հիմնախնդիրները, որոնք եթե չլուծվեն, ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական, քաղաքական որևէ լուրջ ձեռքբերում մենք չենք կարող ունենալ։ Ցավն այն է, որ երբ խոսում ես դրանց մասին,  իշխանավորները, այդ մտահոգություններն ընդունելով հանդերձ, ասում են` սահմանը կբացվի, հետո՝ կերևա։ Փաստորեն, առաջնորդվում են` ոչ թե վտանգները կանխարգելենք, հետո շարժվենք առաջ սկզբունքով, այլ`  ինչ կլինի` կլինի։ Սա նման է ականապատված դաշտով առանց որևէ հետազոտական քայլեր անելու առաջ գնալուն. որտեղ պայթեց՝ պայթե՞ց։

Այդ տրամաբանությամբ մենք չենք կարող ականազերծել ոչ դաշտը, ոչ էլ հասնել մեր նպատակներին։

Հետևաբար, տնտեսական հետևանքները կարող են բավական ցավալի լինել, եթե մինչև սահմանի բացումը՝ կանխարգելիչ քայլեր չարվեն։  Իսկ դրանք կարող են ուղղակի ազդեցություն ունենալ մեր տնտեսության մի  շարք ճյուղերի՝ առանձնապես գյուղատնտեսության վրա։

Հայաստանը Թուրքիա կարող է արտահանել որոշ ապրանքատեսակներ, օրինակ` ցեմենտ, հանքահումքային որոշ ապրանքներ, որոնք Թուրքիայում բավարար մրցունակություն ունեն։ Բայց դրանց արտահանումը չի կարող հավասարակշռել այն վնասը, որը ստանալու ենք գյուղատնտեսության ոլորտում։

Եթե միայն ցուցանիշներով դիտարկենք, Հայաստանում 500 հազար մարդ զբաղված է գյուղատնտեսական ապրանքատեսակների արտադրությամբ։ Եթե թուրքական գյուղատնտեսական ապրանքատեսակների ճնշմանը չկարողանանք դիմագրավել, նշանակում է` այդ մարդկանց մի զգալի հատվածը զրկվելու է աշխատանքից։

Հաջորդ անհանգստությունը  կապված է մեր ազգաբնակչության առողջության և անվտանգ սնունդ ստանալու համակարգի հետ։ Ցավոք, Հայաստանում այդ համակարգը անհրաժեշտ մակարդակի վրա չէ։ Թուրքիայում էլ այն նորմալ վիճակում չէ։ Նման իրավիճակում, եթե  կանխարգելիչ քայլեր չկատարենք, անկախ նրանից, թե Թուրքիան կանխամտածված ի՞նչ քաղաքականություն կվարի կամ չի վարի, թուրքական ապրանքատեսակների մուտքը Հայաստան (որոնց մասին մեր շատ գործարարներ մեծ ուրախությամբ խոսում են, թե էժան ապրանքով կլցվի Հայաստանը), անկանխատեսելի հետևանքների կարող է հանգեցնել։ Այո, էժան ապրանքի պակաս չի լինի, բայց մեր քաղաքացիները հստակ պետք է գիտակցեն, որ դրա դիմաց վճարելու են իրենց և իրենց զավակների առողջությամբ։

Բայց ամենամեծ կորուստը, որը տնտեսապես էլ անչափելի է, 16 տարվա այն զրկանքներն են, որ հայ ժողովուրդը կրել է թուրքերի կողմից՝ սահմանի միակողմանի փակման պատճառով։ Այն ունի կոնկրետ գին, արժեք. դա մեր կրած վնասն է,որը միջազգային իրավունքի շրջանակներում պահանջ ներկայացնելու հիմք կարող է հանդիսանալ, և մենք կարող ենք պահանջել  մեր կրած վնասի փոխհատուցումը։

Ավելին՝ մենք պետք է նախաձեռնեինք նաև ծով ելք չունեցող երկրների կոնվենցիայի վավերացումը, և դրա շրջանակներում՝ մեր երկրի իրավունքների պաշտպանությունը, որը տնտեսական առումով հսկայական օգուտ կբերեր մեր երկրին։

Ի վերջո, մեր տնտեսությունն այսօր պատրաստ չէ նման փոփոխությունների, որովհետև մրցակցային նորմալ հարաբերություններ մեզանում, ցավոք, այդպես էլ չհաստատվեցին: Տնտեսությունը հիմնված է մենաշնորհային համակարգի վրա։ Արդյունքում՝ մենք ունենալու ենք ոչ միայն  մենաշնորհների ավելի ուժեղացում, այլև մեր քաղաքացիներին զրկելու ենք ակտիվ նախաձեռնողական և եկամտաստեղծ գործունեության հնարավորությունից։ Այդ վտանգները պետք է չեզոքացնենք  մինչև սահմանի բացումը։

Տնտեսական օգուտի առումով ասեմ, որ եթե խնդիրը դիտարկենք հավասար պայմաններում, այսինքն՝ պատկերացնենք, որ Հայաստանի և Թուրքիայի տնտեսական համակարգում գործում են նույն խաղի կանոնները, երկուսի միջև ապրանքափոխանակումը կատարվում է նույն օրենսդրության հիմքի վրա, այսինքն՝ ամեն ինչ հավասարեցված է, այդ դեպքում Հայաստանը կարող է որոշակի առավելություն ունենալ՝ օգտվելով վերագործարկվող երկաթգծից և ճանապարհից։ Բայց մինչ այդտեղ հասնելը պետք է ապահովենք առնվազն հավասար հարաբերությունների համակարգ։ Հակառակ դեպքում՝  պարզապես անլուրջ մոտեցում կցուցաբերենք սահմանի բացման տնտեսական հետևանքներին»։

Գոհար Փիլթոյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն