Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Արա Գևորգյան. «Դադարեցրեք օտարի երաժշտության քարոզը»

Նոյեմբեր 7, 2009թ. 16:12

Ara GevorkyanԱյսօր շատ հայ երգիչներ երգում են թուրքերենից թարգմանած երգեր` չկասկածելով անգամ, որ երաժշտության հանդեպ նման մոտեցումը լուրջ հետևանքների կհանգեցնի: Երևույթի հանդեպ խիստ բացասական է երաժիշտ, երգահան Արա Գևորգյանի վերաբերմունքը, ով, իր իսկ խոստովանությամբ, «ժամանակ առ ժամանակ խնդրում է այդ երգիչներին` դադարեցնել օտարի երաժշտության քարոզը»:

«Այսօր մեր տներում, ռեստորաններում հնչում է ցածրորակ ադրբեջանական երաժշտություն: Մինչդեռ մեր ազգային, հոգևոր, դասական երաժշտությունը համաշխարհային երաժշտության մեջ վաղուց է զբաղեցրել իր առանձնահատուկ տեղը: Ես դասավանդում են Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում, երաժշտության ամբիոնի ղեկավարն եմ և իմ ուսանողներին միշտ ասում եմ` ով ինքնասիրություն ունի,  ով հարգում է իր ծնողներին, իր հայրենիքն ու իր ազգը, ապա պետք է հակահայկական երաժշտություն չնվագի: Չգիտեմ` երաժշտությունը հակահայկական լինում է, թե ոչ, բայց միանշանակ համաձայն չեմ այն մտքի հետ, երբ ասում են, թե երաժշտությունը սահմաններ չունի: Ինձ համար` ունի, քանի որ երաժշտությունն էլ ունի արժանապատվություն: Մենք չպետք է գովազդենք ադրբեջանցու և թուրքի երաժշտությունը: Իրենցը նվագելով` մերն ինքնաբերաբար նվիրում ենք իրենց: Դա այն ազգն է, որն Արամ Խաչատրյանի համար ասում է` «Арам Хачатурян не композитор, а аранжировщик азербайджанских песен»: Սա ամենածիծաղելի և ամենազավեշտալի ադրբեջանական քարոզչությունն է: Խորհուրդ եմ տալիս բոլորին` ունեցեք ազգային արժանապատվություն, հարգեք ազգը, անձը, քանի որ դրանից է սկսվում ամեն ինչ»:

Արա Գևորգյանը «մաշկի վրա» բազմիցս զգացել է ադրբեջանցիների անհեթեթ քաղաքականության հետևանքները: Սակայն դրանից նրա հեղինակությունը ոչ միայն չի տուժել, այլև բարձրացել է: Ռուսական հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող «Ледниковый период» հաղորդման ժամանակ ադրբեջանցի գեղասահորդուհին պարել է ադրբեջանական երաժշտության տակ, որին կցված է  եղել  Արա Գևորգյանի «Արցախը»: Երաժշտությունը հայտարարվել է հայկական, որի պատճառով ադրբեջանցիները վայնասուն են բարձրացրել:

«Ադրբեջանի դեսպանը փորձեց ռուսական հեռուստաընկերությունից ճշտել, թե  ինչ է տեղի ունեցել: Ռուսները պատասխանել էին, որ երաժշտությունը վերցրել են Արա Գևորգյանի ձայնասկավառակից: Ադրբեջանցիները որոշել էին ինձ դատի տալ` չհասկանալով, որ երաժշտական միքսը եղել էր ռուսներինը: Ես ասացի, որ դատին ներկայանալու եմ հակընդդեմ երկու հայցով, մեկը` զրպարտության համար, մյուսը` այն բանի, որ ադրբեջանցին առանց թույլտվության պարել է իմ երաժշտության տակ: Ի վերջո, թյուրիմացությունը պարզվեց, և ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը ներողություն խնդրեց ինձանից` Ռուսաստանի Դաշնությունում մեր դեսպանի և Հասմիկ Պողոսյանի միջոցով: Ես ապացուցեցի, որ ոչինչ երբեք ոչ մի տեղից չեմ վերցրել: Երբ 2002թ. օլիմպիական խաղերի ժամանակ հնչեց իմ «Արցախ» ստեղծագործությունը և հայտարարվեց Արա Գևորգյան, ոչ մի ադրբեջանցի չասաց, որ դա իրենցն է. չեմ կարծում, թե ադրբեջանցիները օլիմպիական խաղերը չէին դիտում: 2006թ. վրացուհի գեղասահորդը կրկին պարեց նույն ստեղծագործության տակ, և կրկին` ոչ մի ձայն»:

Սակայն ադրբեջանցիների ոտնձգությունները հայկական երաժշտության հանդեպ շարունակական են: Վերջերս «Միր» հեռուստաընկերությամբ ցուցադրում էին ադրբեջանցիների «դարավոր նախնիների թողած ժայռապատկերային ժառանգությունը», որը համեմված էր Արա Գևորգյանի երաժշտությամբ: Նման դեպքերը եզակի չեն, իսկ ադրբեջանցիները երբեք չեն թաքցրել հայկական ամեն ինչին տիրելու իրենց անսպառ ախորժակը: Իսկ սեփականը սկուտեղի վրա ադրբեջանցուն չնվիրելու համար պետք է պարզապես պահպանել և գնահատել  սեփական մշակույթը` այն չխեղաթյուրելով օտար ելևէջներով:

Արմենուհի Կարեյան


Թեգեր` , , ,

Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն