ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին կմեկնի Հունգարիա
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին եռօրյա պետական այցով կմեկնի Հունգարիայի Հանրապետություն:
Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ԱԺ-ի հայ-հունգարական բարեկամության խմբի ղեկավար, պատգամավոր Գագիկ Մելիքյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյեմբերի 8-ի երեկոյան ՀՀ Նախագահը կժամանի Բուդապեշտ:
Նոյեմբերի 9-ին Հունգարիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Լասլո Շոլոմի առանձնազրույցը: Դրանից հետո նախագահների մասնակցությամբ տեղի կունենա պավիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Երկու երկրների կառավարությունների միջեւ կստորագրվեն համագործակցության մի շարք համաձայնագրեր:
Այնուհետեւ Հայաստանի Հանրապետության եւ Հունգարիայի Հանրապետության նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Նույն օրը Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Հունգարիայի խորհրդարանի նախագահ Բելա Կատոնայի հետ:
Բուդապեշտում Սերժ Սարգսյանը կայցելի Հերոսների հրապարակ, որտեղ ծաղկեպսակ կդնի հուշահամալիրում: Պետեֆի հրապարակում ՀՀ Նախագահը ծաղկեպսակ կդնի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի խաչքարին:
Օրվա ավարտին Հունգարիայի նախագահ Լասլո Շոլոմի անունից ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կտրվի պետական ճաշ:
Նոյեմբերի 10-ին Նախագահ Սարգսյանը կհանդիպի Կարդինալ Պետեր Էրդոյին եւ Հունգարիայի վարչապետ Գորդոն Բայնային, ապա եւ` հայ-հունգարական գործարար համաժողովի մասնակիցներին:
Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ Բուդապեշտի տեսարժան վայրեր: ՀՀ Նախագահը Հունգարիայի նախագահի հետ շրջայց կկատարի Բուդապեշտի ռազմական պատմության թանգարանում:
Օրվա երկրորդ կեսին Նախագահ Սարգսյանը ՌԴ Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսի հրավերով Բուդապեշտից կարճատեւ աշխատանքային այցով կմեկնի Կալինինգրադ:












