Գլխավոր » Լրահոս

Թուրքիան պետք է վերադարձնի հայ համայնքի սեփականությունները

Նոյեմբեր 9, 2009թ. 11:17

Ինչպես տեղեկացրել էր ArmAr.am-ը, նոյեմբերի 6-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել էր  Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ:

Թուրքական TRT հեռուստաալիքի փոխանցմամբ,  Էրդողանը Արամ Աթեշյանին ընդունել է իր նստավայրում` Դոլմաբախչեի պալատում:   45 րոպե տևած զրույցի ընթացքում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն իր երախտագիտությունն է հայտնել վարչապետին, որ Թուրքիայի հայ համայնքի կողմից բարձրացված մի շարք հարցեր իրենց լուծումն են ստանում, և հույս է հայտնել, որ բոլոր մյուս հարցերը ժամանակի ընթացքում նույնպես կգտնեն իրենց լուծումը։

Խոսվել է համայնքային սեփականությանն առնչվող մի շարք հարցերի մասին, մասնավորապես, հայկական եկեղեցու սեփականությունը հանդիսացող հողերը վերադարձնելու մասին:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Էրդողանին տեղեկացրել է, որ համայնքին պատկանող այս և այլ սեփականությունները վերադարձնելու համար անհրաժեշտ համայնքային փաստաթղթերն արդեն իսկ պատրաստվում են։ Նա հիշեցրել է Թուրքիայի վարչապետին, որ հայկական համայնքն ունի 43 եկեղեցի, 17 վարժարան, հիվանդանոց և նման բազմաթիվ համայնքային հաստատություններ:

Էրդողանն, իր հերթին, ասել է, որ ինքն «օտար չէ Թուրքիայի հայ համայնքին և գիտի, որ համայնքը խնդիրներ ունի»։ Նա ասել է, որ խնդիրներ ունեն նաև այլ համայնքները, և, որպես կառավարության ղեկավար, ինքը պարտավոր է տեղյակ լինել  դրանց մասին և աշխատել դրանց լուծման ուղղությամբ։

Վաչապետը հավաստիացրել է, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերն իրենց լուծումը կստանան:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն