Արևմտյան Հայաստանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին արդեն գործում է
Երեկ` նոյեմբերի 8-ին, պատարագով ազդարարվել է ԹուրքիայիԿայսերի քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նորոգման ավարտը, որը սկսվել էր մեկ տարի առաջ:
Կայսերին հնագույն Կեսարի քաղաքն է, որտեղ երկար տարիներ ապրել է Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը: Նա այստեղ է ամուսնացել, ունեցել երեխաներ ու օծվել որպես եպիսկոպոս: 1045 թ. Անի թագավորության կործանումից հետո հայոց Բագրատունիների վերջին թագավոր Գագիկ 2-րդը, բնակություն հաստատելով Կեսարիայում, որոշել է կառուցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի շինարարությունն ավարտվել է 1191թ.: Այսօր հայկական եկեղեցին հանդիսանում է Թուրքիայում պահպանված այն հազվադեպ մշակութային կոթողներից մեկը, որը վերանորոգման է ենթարկվել և գործում է։ Թուրքական լրատվամիջոցները երեկ լուսաբանել են եկեղեցու բացման մեծ արարողությունը, տեղեկացնելով, որ Կայսերի ժամանած Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի մասնակցությամբ կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծումը և առաջին պատարագը, որին մասնակցել է մոտավորապես 200 մարդ: Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, թուրք լրագրողներին ասել է, որ արձանագրությունների ստորագրումը և սահմանի բացումը երկու հանրապետությունների գործն է, իսկ ինքն ընդամենը Թուրքիայի քաղաքացի է և այսօր շատ ուրախ է, քանի որ հայկական եկեղեցու բացումը Թուրքիայում բնակվող հայության համար իսկական տոն է: Նա շեշտել է` մի մոռացեք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ունի դարերի պատմություն: Նշենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ի տարբերություն 2006 թ. նորոգված և թանգարանի վերածված Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու, կգործի որպես եկեղեցի: Ինչ խոսք, հասկանալի է, որ պաշտոնական Անկարան այս կերպ միջազգային հանրությանը փորձում է ցույց տալ, որ նա բարյացակամ է իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների, մասնավորապես, հայերի նկատմամբ:
Քրիստինե Մելքոնյան












