Ինչպե՞ս են ընկալել եվրոպացիները թուրքերին
Դավիթ Ջամալյան
հոգեբանական գիտությունների թեկնածու
Ինչպե՞ս են տարբեր ազգերի ներկայացուցիչներն ընկալել թուրքական էթնիկական հանրույթը տարբեր ժամանակներում: Համընկե՞լ են, արդյոք, այդ ընկալումները մեր` հայերիս ընկալումներին:
Եվ այսպես. չնայած առկա առանձին բացառություններին, եվրոպացիների շրջանում թուրքերի հանդեպ պատկերացումները ևս ամենևին զերծ չեն արհամարհանք պարունակող ագրեսիվ հետերոստերեոտիպից:
Հետերոստերեոտիպ ասելով` մենք ի նկատի ունենք այլ ազգերի մասին տվյալ ազգի մոտ գոյություն ունեցող կարծրացած պատկերացումները:
Այսպես, ռուսական կայսրուհի Եկատերինա Երկրորդը, որը ծրագրում էր ազատագրել Հունաստանը թուրքերից, «սրբապիղծ թուրք» արհամարհական բնորոշմամբ է արտահայտվել թուրքերի մասին: Թուրքերի դեմ նրա կողմից ծրագրված ռազմական գործողությունները ողջունել են նաև ժամանակի ֆրանսիական մտավորականության ականավոր ներկայացուցիչները, որոնք հանձինս Եկատերինա Երկրորդի տեսնում էին լուսավորյալ միապետի: Այսպես, Վոլտերը Մուստաֆա Երրորդ սուլթանի և Եկատերինա Երկրորդի միջև պատերազմը համարում էր «պատերազմ բանականության և ֆանատիզմի, քաղաքակրթության և հետամնացության դեմ»: Իսկ կոմս Դե Վոլնեյի համար թուրքերը հանդիսանում էին «բոսֆորյան բարբարոսներ», «այն տգետ և այլասերված ազգը, որի դեմ ռուսների հարձակումը պետք է միայն խրախուսել»:
Հարկ է նշել, որ սկսած այդ ժամանակներից, ընդհուպ մինչև 20-րդ դարի սկիզբը, Օսմանյան և Ռուսական կայսրությունների մի քանի սերունդների` միմյանց դեմ պարբերաբար պատերազմելու հետևանքով երկուստեք ձևավորվում է փոխադարձ խոր թշնամանք: Թուրքերին բարբարոսներ էր որակում նաև այդ ժամանակաշրջանի անգլիական քաղաքական գործիչների զգալի մասը:
Հարկ է նշել, որ հակաթուրքական տրամադրությունները համակել են նաև անգլիական հասարակությանը, սակայն` շատ ավելի ուշ պատմական ժամանակահատվածում: Իր գոյության մայրամուտին Օսմանյան կայսրությունում հաճախակի են դառնում զանգվածային դաժան բռնարարքները քրիստոնյա ազգաբնակչության հանդեպ: 1876թ-ին թուրքերն անասելի դաժանությամբ ճնշում են բուլղարական ապստամբությունը: Կատարված բռնարարքների մասին լուրը արագ տարածվում է Եվրոպայում, ուր, մասնավորապես Անգլիայում, բռնկվում են հակաթուրքական կրքեր: Դա ժամանակային առումով համընկնում է Անգլիայի նկատմամբ թուրքական գանձապետարանի` իր ֆինանսական պարտավորությունների մասշտաբային չկատարման հետ: Բուլղարիայում այդ գազանությունները թուրքերին տվեցին նոր, սարսափ ներշնչող կերպար` ամբողջ Բրիտանիայում առաջացնելով թուրքաֆոբիայի տրամադրություններ:
Այս շրջանում իր հակաթուրքական ելույթներով մասնավորապես աչքի է ընկնում հանրահայտ բրիտանական քաղաքական գործիչ Կլադստոնը, որը թուրքերի մասին արտահայտվում էր «զզվելի»բնորոշմամբ:
Ողջ 19-րդ դարի ընթացքում բրիտանական արտաքին քաղաքականությունն ուղղված էր Օսմանյան կայսրությանը քաղաքական օժանդակություն ցույց տալուն: Ի վերջո, Կոնստանդնուպոլսում Բրիտանիայի դեսպան Հենրի Էլլիոտը խոստովանում է. «Մենք օժանդակել ենք այն, ինչը ինչպես մեզ հայտնի էր դարձել, եղել է ընդամենը կիսաքաղաքակիրթ ազգ»:
Նշենք, որ բուլղարական դեպքերը հակաթուրքական տրամադրություններ են առաջացնում նաև Կովկասում, որտեղ առանձնապես բուռն ու ագրեսիվ մակդիրներով լեցուն են վրացական մամուլի արձագանքները: Վրացական «Դրոեբա» թերթը բուլղարական կոտորածն անվանում է «մոլեգնություն, գազանություն, ամենավայրենի կրքերի խելագար սանձարձակություն»:
Որոշ թվով անգլացիներ, ֆրանսիացիներ, ովքեր գործի բերումով ականատես են եղել պատերազմական գործողություններին ու արդեն նաև` հայկական կոտորածներին, թուրքերի հանդեպ իրենց հակակրանքն ամենևին չեն թաքցնում` նրանց որակելով բարբարոսներ: Իսկ մի ռուս բարձրաստիճան զինվորական հայերի հանդեպ բռնարարքներն անվանում է «դժոխային շաբաշ, մարդկանց ջարդ, բարբարոսական խրախճանք»:
Շուտով թուրքի կերպարն իր հանդեպ բացասական որակումների նոր առիթ է տալիս: Եվրոպական հանրության հակաթուրքական տրամադրությունների առաջացման նոր պատճառն այս անգամ դառնում են 1895-96թթ.-ին սուլթան Աբդուլ Համիդի կողմից սանձազերծված հայկական կոտորածները: Եվ կրկին Բրիտանիայում հնչում են ագրեսիվ հետերոստերեոտիպերով հագեցված ճառեր` ի պաշտպանություն հայերի: Լիվերպուլում Գլադսոնը «անկանխատեսելի թուրքի» դեմ իր ելույթում հայտարարում է, որ Օսմանյան կայսրությունն արժանի է «Աշխարհի քարտեզից ջնջվելուն»` իբրև «քաղաքակրթության խայտառակություն» և «մարդկության անեծք»: Աբդուլ Համիդին նա որակում է որպես «Աբդուլ Համիդ Մարդասպան»: Այդ օրերին նշված տրամադրություններից անմասն չեն մնում նաև ֆրանսիական քաղաքական շրջանները` ստերեոտիպացնելով Աբդուլ Համիդի կերպարը և տալով նրան «Արյունոտ սուլթան» մակդիրը:
Այստեղ մենք միտումնավոր չենք անդրադառնում Հայոց Ցեղասպանության ընթացքում և հետո թուրքերին տրված եվրոպացիների որակումներին: Այդ թեմային նպատակահարմար է անդրադառնալ առանձին:












