Իրականում թուրքական քաղաքականության մեջ ոչինչ էլ չի փոխվել
Ավերելու սովոր ձեռքը ընդունա՞կ է նորոգել
Թուքիայի հայատյաց քաղաքականությունը չավարտվեց միայն 1915-ի Ցեղասպանության իրագործմամբ: Այն չսահմանափակվեց միայն հայության բնօրրանում` Արևմտյան Հայաստանում, հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջմամբ:
Թուրքական քաղաքականությունն ուղղվեց Արևմտյան Հայաստանում հայության հետքերն իսպառ ոչնչացնելուն: Ահա թե ինչու ֆիզիկական ոչնչացմանը հաջորդեց մշակութային Ցեղասպանությունը: Սկսվեց Արևմտյան Հայաստանի մշակութային կոթողների, եկեղեցիների համատարած ավերումը:
Նման քաղաքականության հետևանքը եղավ այն, որ այսօր Թուրքիայի տարածքում չեք գտնի գեթ մեկ հայկական եկեղեցի, որը ավերված կամ իսպառ ոչնչացված չլինի:
Տասնամյակներ շարունակ թուրքերը զբասաշրջիկներին հայկական եկեղեցիները ներկայացրել են և շարունակում են ներկայացնել որպես այլ քաղաքակրթությունների մշակութային արժեքների հետքեր, և երբեք չի հիշատակվել դրանց հայկականության մասին:
Մինչդեռ այսօր կատարվում է հակառակ երևույթը. թուրքական կողմը ոչ միայն խոսում է հայկական եկեղեցիների, որպես այդպիսին, վերականգնման մասին, այլ նույնիսկ սկսել է իրերն իրենց անուններով կոչել. Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը, օրերս անդրադառնալով Սուրբ Խաչ եկեղեցու գագաթին խաչ տեղադրելու փաստին, թուրքական Hurriyet-ին տված հարցազրույցում խոստովանել է, թե Անի քաղաքը 945-1045 թվականներին եղել է հայկական Բագրատունյաց արքայական տոհմի մայրաքաղաքը:
Նույն առիթով նախարարը նշել է, թե թուրքական օրենքը թույլ չի տալիս պատմական հուշարձան հանդիսացող եկեղեցիները վերաբացել կրոնական արարողությունների համար, ապա հավելել է, թե «նախարարությունն աշխատում է այդ ուղությամբ, եւ մոտ ապագայում այդ հարցը կլուծվի»:
Բնականաբար, թուրքական կողմի «բարի կամքի» նման դրսևորումների հանդեպ չենք կարող անտարբեր լինել:
Ինչո՞վ է մեկնաբանվում, որ ավերելու և ոչնչացնելու սովոր թուրքերը հանկարծ սկսեցին «բարեհաճ» վերաբերմունք ցուցաբերել հայ ժողովրդի ու նրա ստեղծած մշակութային արժեքների նկատմամբ:
ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը թուրքական այս նորօրյա քայլերը մեկնաբանեց որպես առանձին ժեստեր. «Պարզապես փորձում են ցույց տալ, թե հետևում են հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների կատարմանը և փորձում են աշխարհում տպավորություն ստեղծել, թե իրենց վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ փոխվել է: Բայց դա ոչինչ չի նշանակում: Իրականում թուրքական քաղաքականության մեջ ոչինչ էլ չի փոխվել: Թուրքագետը նկատեց, որ այսօր Թուրքիայի տարածքում կան հայկական տասնյակ հազարավոր մշակութային հուշարձաններ, որոնց ոչնչացման աշխատանքները թեպետ այսօր ինտենսիվ կերպով չեն շարունակվում, բայց քանի որ դրանք ոչ ոքի չեն պատկանում, չեն էլ վերականգնվում: Հետևապես, ոչնչացվում են բնականոն ճանապարհով` պարզապես ժամանակի ընթացքում քայքայվելով»:
Ուրեմն, արժե՞ այսքանից հետո խոսել թուրքական «բարի կամքի» դրսևորման ու «բարեհաճության» մասին:
Անի ԱԲՈՎՅԱՆ












