«Շան հետ ընկերացիր, փայտը ձեռքիցդ վայր մի դիր»
Ադրբեջանցիների 81 %-ի մեջ արմատացած է արհամարհանքի զգացում հայերի նկատմամբ: Ուսումնասիրության արդյունքում այս հետևության է հանգել «Ռեգեոն» հետազոտական գործակալությունը: Իսկ ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանի համոզմամբ` ադրբեջանցիների մոտ առկա այդ արհամարհանքն ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատանքի հետևանքն է:
Armar.am-ի հետ զրույցում պարոն Ջամալյանը զուգահեռներ տարավ ֆաշիստական Գերմանիայի և այսօրվա Ադրբեջանի միջև:
Այլ ազգերի նկատմամբ ատելության սերմանման քաղաքականություն էր որդեգրել նաև ֆաշիստական Գերմանիան. դրա վառ վկայությունը կիրառվող միջոցների դաժանությունն էր ու անմարդկային վերաբերմունքն իր նմանի հանդեպ: «Գեբելսյան քաղաքականությունը տվեց իր արդյունքները, ֆաշիզմն աննախադեպ դաժանություն դրսևորեց ոչ արիական ցեղերի նկատմամբ»: Այժմ էլ մեր ժամանակակից «ֆաշիստներն» են քայլում նույն այդ ճանապարհով:
Պատմական իրողությունների կրկնությունից խուսափելու նպատակով Դավիթ Ջամալյանն առաջարկում է ԶԼՄ-ների միջոցով մշտապես արթուն պահել հայ ժողովրդի մտքի զգոնությունը. «Եթե մենք ընկալենք, որ մեր դիմացինը թշնամի է, միշտ զգոն կլինենք և ժամանակին կպատասխանենք նրա բոլոր հարձակումներին: Եթե անգամ հարաբերություններ էլ հաստատենք նրանց հետ, չպիտի մոռանանք նրանց ով լինելը»:
«Շան հետ ընկերացիր, փայտը ձեռքիցդ վայր մի դիր», մեր պապերի այս պատգամը մեզ համար, փաստորեն, օրահարց է դառնում:
Արտաքին ագրեսիան ոչ պակաս վտանգավոր է նույն ագրեսիան տարածողների համար: Հոգեբանի մեկնաբանությամբ դա կարող է շուռ գալ հենց իրենց` ադրբեջանցիների դեմ. «Իրենց մեջ ձևավորված այդ ատելության պատճառով հասունանում է Հայաստանի դեմ պատերազմի վերսկսման գաղափարը: Հասարակությանը հետևողականորեն նախապատրաստում են դրան, բայց հավանական պատերազմում, որտեղ բացառված չէ Ադրբեջանի պարտությունը, նույն այդ ագրեսիան կպայթի` քավության նոխազ դարձնելով հենց Ալիևին»:
ArmAr.am












